Նունե Եսայանը գնացել էր Թուրքիա, ոչ թե թուրքերի առաջ իր սիրտը բացելու, այլ Թուրքիայում ապրող հայերի

15:40 • 18.05.12

ՀՀ վաստակավոր երգչուհի Նունե Եսայանը մայիսի 11-ին գնացել էր Թուրքիա, ոչ թե թուրքերի առաջ իր սիրտը բացելու, այլ Թուրքիայում ապրող իր հայրենակիցների: «Մենք գնում ենք մեր հայերի համար, հայի համար եմ սիրտս բացել, երգել, կոչ արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ պարզաբանելով Թուրքիայում արած իր հայտարարությունների և դրանից հետո մամուլում, ապա նաև՝ սոցիալական կայքերում այդ թեմայի վերաբերյալ հնչող քննադատությանը: Ըստ նրա, քննադատության առիթը տվել էր կայքերից մեկը, որը ոչ թե ներկայացրել էր բուն հարցազրույցը, այլ ըստ նրա, աղավաղել այն:



Հիշեցնենք, որ թուրքական «Հյուրիեթ» պարբերականին տված հարցազրույցում Նունե Եսայանը Ստամբուլում հանդես գալով ելույթներով՝ հայտարարել էր, որ մեր «սահմանները քաղաքական պատճառներով փակ են, սակայն մեր սրտերն են բաց»: Նա նաև հավելել էր. «Թշնամանքի զգացումն անիմաստ է. նոր սերունդն այլևս չի մտածում հին սերնդի նման: Այո, Հայոց ցեղասպանությունը հսկա ցավ է պատճառել հայ ժողովրդին, սակայն, այն չի կարող կանխել դեպի ապագա նայելու մեր ձգտումը»:

 

Նունե Եսայանը պարզաբանում է, որ ինքը չի շեշտել՝ հայի առաջ է սիրտը բաց, թե՝ թուրքի առաջ: «Համերգից մի օր առաջ ես հանդիպել եմ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի լրագրողի հետ, որը հայ էր, նա մեղմ է գրել, ես ավելի կոշտ եմ խոսել: Առաջին հարցն այն էր, թե «սահմանները փակ են, ի՞նչ կասեք դրա մասին»: Ես նշել եմ, որ քաղաքական առումով են փակ, որ մեր սրտերը բաց են, և արվեստը սահմաններ չի ճանաչում: Ես ասելով՝ մեր նկատի ունեմ արվեստագետներին:

 

Հարցազրույցում ես չեմ նշել, որ հայի սիրտն է բաց թուրքի առաջ: Նման բան ասողը պետք է շատ երկար մտածի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է թուրք արտիստի հետ հնարավոր համագործակցությանը՝ Նունե Եսայանը նշեց, որ ինքը պատասխանել էր, որ կհամաձայնվեր: «Ասեցի այո, միմիայն խաղաղ ապագայի երգը կերգենք, և դա կլինի ճշմարտության հաղթանակի երգ: Այսպիսի բան գրել թուրքական պարբերականում... այդ աղջկան բրավո»,-հավելեց նա՝ նշելով նաև, որ ինքը գիտի ինչ է խոսել և պատասխանատու է իր ասածների համար:

 

Նունե Եսայանն իր մասին գրված նյութը համարում է ոչ միայն աղավաղված, այլ ոչ կոռեկտ՝ նշելով գումարի չափը և ավելացնելով, որ եթե 13 000–ով սիրտն է բացում թուրքերի առաջ, ինչ կաներ 50 000-ի դեպքում:

Նա տվյալ լրատվամիջոցի քայլը որակում է որպես զրպարտություն իր անձի նկատմամբ, իսկ լրագրողի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը՝ որպես սենսացիա փնտրելու ձև: «Էթիկայից դուրս քայլ է, գրել է մի գումար, որը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

 

Չնայած դրան, Նունե Եսայանը հայտարարեց, որ խորհրդակցել է իր իրավաբանի հետ և որոշել, որ այս անգամ էլ կների. «Այս անգամ էլ կներեմ: Իրավաբանի հետ զրուցել ենք, համարենք թյուրիմացություն է եղել, անմիտ քայլ է եղել»:

Ի դեպ, Նունե Եսայանը նշեց, որ այս արձագանքից վիրավորվել են նաև Թուրքիայում ապրող հայերը: «Այնտեղ վրդովմունքը շատ մեծ էր, մենք տոնում էինք եղած հաջողությունները, երբ կարդացին, որ իրենց թուրք են համարում»,- ասաց նա:



Ի դեպ, նա նշեց, որ համերգն անցել է մեծ ոգևորությամբ, որի ժամանակ ինքը կատարել է Կարս, Մուշ, Հայեր միացեք և նման հայրենասիրական երգեր, որին ներկա են գտնվել «հայ երգին կարոտ» 2000 հայեր: