2011թ. ԱՄՆ–ում հայ ուսանողների թիվը պակասել է. Գայանե Գրիգորյան

17:33 • 18.05.12

Նախորդ տարիների համեմատ, հայերն այսօր ավելի քիչ են կրթություն ստանում Ամերիկայի միացյալ նահանգների կրթական հաստատություններում. EducationUSA կրթական ցուցահանդեսի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպություն ավագ կրթական խորհրդատու Գայանե Գրիգորյանը:

 

Վերջինիս կարծիքով, դրա պատճառն այն է, որ հայերը սկսել են ավելի շատ Եվրոպայում կրթություն ստանալ:

 

«2011թ. միջազգային կրթության ինստիտուտի տվյալներով, 350 հայ ուսանողներ սովորում են ԱՄՆ-ի կրթական հաստատություններում: Նախորդ տարիներին սովորողների թիվն ավելի շատ է եղել` մոտ 400 հոգի, հիմա թիվը նվազել է, քանի որ ես կարծում եմ, որ մարդիկ գնում են ավելի շատ նաև Եվրոպայում սովորելու»,- ասաց Գայանե Գրիգորյանը:

 

ԱՄՆ դեսպանության և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված EducationUSA ցուցահանդեսի նպատակը, ըստ Գրիգորյանի, հանրությանը Միացյալ Նահանգներում կրթություն ստանալու հնարավորությունների մասին իրազեկելն է, քանի որ, նրա խոսքով, շատերը կարծում են, որ դա, ընդհանրապես, հնարավոր չէ:

 

«Այժմ շատ է արժևորվում միջազգային կրթությունը և յուրաքանչյուր ուսանող, ես կարծում եմ, որ գոնե մեկ կիսամյակ պետք է մեկ այլ բուհում սովորի: Կրթական փոխանակման ծրագրերն այս պարագայում՝ շատ կարևոր են»,-ասաց Գրիգորյանը:

 

Վերջինս նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված էր ամերիկյան 22 և հայկական մեկ համալսարան, տվյալ դեպքում խոսքը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մասին է:

Ամեն մի կրթական հաստատություն ցուցահանդեսում ներկայացնում էր իր շրջանավարտներին: Նրանք կամ հայեր էին կամ Հայաստանում աշխատող ամերիկացիներ, ովքեր ևս ավարտել են տվյալ հաստատությունը:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ-ում կրթություն ստանալն ունի իր դրական կողմերը` նախ կրթության բարձր մակարդակը, ապա անգլերեն լեզվին տիրապետելու հնարավորությունը:

 


Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի դեսպանը Հայաստանի կրթական համակարգի մասին, վերջինս ասաց. «Ես շատ դասախոսների հետ եմ հանդիպել և շատ լավ կարծիք ունեմ նրանց մասին: Այստեղ շատ տաղանդավոր ուսանողներ կան, Հայաստանում շատ լավ համալսարաններ կան, բայց միևնույն ժամանակ դա չի խանգարում նրանց նաև Միացյալ Նահանգներում կրթություն ստանալ»,-ասաց դեսպանը:

 

Tert.am-ի հետ զրույցում՝ ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի պետական համալսարանի տուրիզմի ֆակուլտետում մեկ տարի փոխանակման ծրագրով սովորած Արիադնա Գրիգորյանն ասում է. «ԱՄՆ-ի կրթական համակարգի առավելությունները ոչ մեկի համար գաղտնիք չեն ... Բացի այդ հնարավորություն է տալիս սովորել հմտություններ, որոնք կարող ենք կիրառել հետագա աշխատանքում»:

 

ԱՄՆ-ում ուսանած Մարինա Աղավելյանը դժվարացավ ԱՄՆ-ի կրթական համակարգը հայկականի հետ համեմատել.«Ոչ ստանդարտ, կարծրատիպերից դուրս, լրիվ նոր ստանդարտներով ծրագիր էր: Համեմատելը մի փոքր դժվար է: Ուրախ եմ, որ այդ գիտելիքները կարողանում եմ օգտագործել այստեղ»,- նշեց նա:

 

ԱՄՆ-ում մագիստրատուրան շարունակելու նպատակ ունի արդեն Հայաստանում բակալավրն ավարտած Գայանե Գրիգորյանը, ով Теrt.am-ին ասաց, որ կրթական հաստատություն ընտրելու հարցում որոշում կայացնելու համար այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է:

 

«Ուզում եմ ԱՄՆ-ում սովորել, քանի որ ավելի բարձր է կրթության մակարդակը, քան Հայաստանում: Սա շատ լավ հնարավորություն է, որը կարող եմ օգտագործել հետագայում որոշում կայացնելու համար»,- ասաց Գրիգորյանը:

 

Tert.am-ի հետ զրույցում, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Ալմաստ Տոնոյանն էլ նշեց, որ ցուցահանդեսում ներկայացնում են, թե ի՞նչ առարկաներ և ի՞նչ մասնագիտություններ կան բուհում, ինչպես նաև, բուհում դասավանդվող դասախոսների գրքերը, ամսագրերը, ձեռնարկները: Ըստ նրա, համալսարանը ոչնչով չի զիջում արտասահմանյան կրթական հաստատություններին.

 

«Ես կարծում եմ, մենք չենք զիջում, որովհետև մենք լավ մասնագետներ ենք պատրաստում, քանի որ մեր համալսարանի շրջանավարտները հայտնվում են բոլոր լավ հաստատություններում»,- ասաց համալսարանի դասախոս Ալմաստ Տոնոյանը: