Լարիսա Ալավերդյանը Սլավոնական համալսարանում պաշտոն կստանա
Նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը Սլավոնական համալսարանի ռեկտոր Արամ Դարբինյանի հրավերով տնօրինելու է «Քաղաքականություն և իրավունք» ինստիտուտը, ինչը Սլավոնական համալսարանի կազմում է գործելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տիկին Ալավերդյանը:
«Սլավոնական համալսարանը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու և կազմված է լինելու հինգ ինստիտուտներից, որոնցից մեկի տնօրենն էլ ես եմ լինելու: Վերին աստիճանի պատասխանատու պաշտոն է դա ինձ համար: Այն փորձն ու գիտելիքները, որ ձեռք եմ բերել 25 տարիների ընթացքում ներդնելու եմ համալսարանում, փորձելու եմ անել այն, ինչ անում էի խորհրդարանում, դասախոսելու եմ, ոգևորելու եմ, որ երկիր ունենք՝ աշխարհը չունի: Էնտուզիազմը չի պակասել իմ մեջ»,- ասաց նա:
Տիկին Ալավերդյանը նշեց, որ ինքը շարունակելու է ղեկավարել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որը, ըստ նրա, այն՝ հին ու միակ կազմակերպություններից է, որ 16 տարի շարունակում է շրջաններում աշխատել:
Ալավերդյանը նշեց, որ վերջերս մամուլում կարդացել է, թե ինչ են իր մասին գրել. «տիկին Լարիսան այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ, այլ մնաց որպես հասարակական գործիչ»:
«Դա ինձ համար բարձր գնահատական է, ես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եմ և այդպես էլ մնում եմ: Ես երբևէ պաշտոնների չեմ ձգտել և չեմ կարծում, որ այսուհետ երբևէ կձգտեմ»,- վստահեցրեց նախկին պատգամավոր, ԱԺ 4-րդ գումարման «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:









