Համո Բեկնազարյան – 120. այսօր հայկական կինոյի հիմնադրի հոբելյանն է
120 տարի առաջ` 1892-ի մայիսի 19-ին (հին տոմարով` 31)-ին Երևանում լույս աշխարհ եկավ հայկական կինեմատոգրաֆի և կինեմատոգրաֆի ազգային ոճի հիմնադիրը, հայ գեղարվեստական կինոյի ռեալիստական ուղղվածության կանխորոշողը, դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր Համո (Համբարձում) Բեկնազարյանը, որի վաստակը, սակայն, չի տեղավորվում զուտ հայկական կինոյի սահմաններում:
Հայկական առաջին գեղարվեստական համր ֆիլմը` «Նամուսը» (1925), նաև, ըստ Рабочая правда-ի, «լավագունը բոլոր արևելայն ֆիլմերից», ու ևս 4 համր գեղարվեստական ֆիլմ, հնչյունային «Պեպոն» (1935) ստեղծելուց առաջ և հետո, Բեկնազարյանը նկարահանել է վրացական «Խայտառակության սյան մոտ» (1924, որից և սկսել է կինոռեժիսորի կարիերան), «Կորսված գանձեր» (1924), «Նաթելա» (1925) ֆիլմերը. վերջիններում առաջին անգամ նկարահանվել են վրաց ականավոր արտիստներ Ա. Խորավան և Մ. Ճիաուրելին: Նկարահանել է ադրբեջանական «Սևիլ» (1929, նրան իր վեպի հիման վրա ֆիլմ նկարել էր առաջարկել Ջաֆար Ջաբարլին) և «Սաբուհին» (1941), ուզբեկական ու տաջիկական, նանայական ու չեչենական ֆիլմեր: Նկարահանել է քրդերի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը` «Զարեն» (1926): Եղել է Վրաստանի Պետկիոյի հիմնադիրներից մեկը, նրա գլխավորությամբ է ձևավորվել կինոն նաև Ադրբեջանում. պատահական չէ, որ նրան անվանում են նաև «անդրկովկասյն կինոյի առաջամարտիկ»: Բեկնազարյանը նաև վավերագրական ֆիլմեր է ստեղծել. «Երկրաշարժը Լենինականում» (1927), «Երկիր Նաիրի» (1930), «Սովետական Հայաստան» (համահեղինակությամբ, 1948):
Նրա անվան հետ են կապված նաև հայկական այնպիսի կինոկոթողներ, ինչպիսիք են «Զանգեզուրը» (1938) և «Դավիթ Բեկը» (1944): Կարիերայի ուշ շրջանում, Բեկնազարյանի՝ այլ խորհրդային երկրների կինոարդյուանբերության մեջ հանդես գալը, իրականում, կապված է եղել Հայաստանում ապրած հիասթափության հետ. Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» (1951) ֆիլմը հայրենադարձության մասին, որը, ըստ ամենայնի, պետք է դառնար նրա ամենահաջողված աշխատանքը, անավարտ մնաց, նկարահանումները արգելվեցին և նախագիծը փակվեց: Դրանից հետո հեռանալով Հայաստանից՝ նա մահացավ Մոսկվայում ծանր հիվանդությունից և միայնակ:
Այդուհանդերձ, Բեկնազարյանի կյանքի պատմությունը և մասնավորապես՝ մուտքը կինո ոչ պակաս հետաքրքրական սյուժե կներկայացնեին որևէ կինոպատման համար. ընտանիքի հետ Երևանից Տաշքենդ տեղափոխված Բեկնազարյանը հանդես է եկել նախ որպես հեծանվորդ, ապա ըմբիշ (բազմիցս լուրջ վնասվածքներ է ստացել, անգամ երիկամը հեռացվել է), մասնակցել է արտասահմանյան մրցումների: Որպես ըմբիշ հանդես է եկել նաև կրկեսում` Մարոնի կեղծանունով: Ավարտել է Մոսկվայի Առևտրական ինստիտուտը: Կինոյում հանդես է եկել 1914-ից` երկրորդական` հսկիչի դերով` հայտնի ռեժիսոր Վ. Գարդինի «Էնվեր Փաշա` Թուրքիայի դավաճան» խորհրդանշական վերնագրով ֆիլմում:
Արդեն 1915-ին նա Համո Բեկ էկզոտիկ կեղծանունով հանդես էր գալիս ռուսական կինոյում. կինոաստղեր Վերա Խոլոդնայայի, Իվան Մոզժուխինի, Զոյա Բարանցևիչի և այլոց հետ առաջատար դերեր է խաղացել: Կինն էլ անվանի դերասանուհի Սոֆյա Վոլխովսկայան էր: 1917-ից աշխատակցել է հայ ձեռնարկատերերի կազմակերպած «Բիոֆիլմ» բաժնետիրական ընկերությանը: Խաղացել է մոտ 70 դեր (մասնակցել է 30 ֆիլմի ստեղծմանը), համարվել ռուսական կինոյի ծագող աստղ: Նա է հայտնաբերել խորհրդային կինոյի այնպիսի գեղեցկուհու, ինչպիսին է Նատո Վաչնաձեն, որին անվանում էին վրաց Վերա Խոլոդնայա:
Հեղափոխությունից հետո՝ քաղաքացիական պատերազմի շրջանում, լինելով գործազուրկ, ֆրանսիական ըմբշամարտ է պարապել և կոշկակարություն արել. դերասանուհի Բորսկայայի համար նրա կարած կոշիկն իսկական ֆուրոր է առաջացրել:
Իսկ մուտքը կինո եղել է այսպես. մի անգամ փողոցով անցնելիս առևտրական ինստիտուտի 22-ամյա ուսանողը հայտարարություն է տեսել, թե Խանժոնկովի ստուդիայում դերասան է պահանջվում և որոշել է փորձել ուժերը սինեմատոգրաֆում, ըստ մեկ այլ տարբերակի (ինչպես եղել է շատ աստղերի դեպքում) նրան տեսել են փողոցում, հավանել են և հրավիրել կինո: Սկզբում Բեկ-Նազարյանը հնարքներ կատարող դերասան էր (մարզական փորձի շնորհիվ)՝ հռչակված «գլխապտույտ հնարքների հանրահայտ կատարող»: Արտաքինը ևս վճռորոշ դեր է ունեցել նրա կինոկարիերայում: Դրա շնորհիվ է հենց փոխել իր ամպլուան` հռչակվելով «հնարքային սիրեկան» ու ապա «սալոնային արտիստ»:
Հավերժացել է նաև իր անվան կինոստուդիայով ու խորհրդային ծխագլանակով, իր պատկերով ՀՀ դրոշմանիշով և անվանական աստղով Շառլ Ազնավուրի հրապարակում, վերջերս էլ՝ կիսանդրիով:










