Պատարագ Սուրբ Յակոբա Մայրավանքում (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 19-ին, շարունակվեց հայ ուխտավորների ուխտայցերը Երուսաղեմում։ Ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, առավոտյան Ս. Յակոբա Մայրավանքում ուխտավորները մասնակցել են Ս. Պատարագի արարողությանը:
Պատարագիչն էր Արժ. Տ. Հակոբ քհն. Խաչատրյանը, իսկ դպրաց բաժնի երգեցողությունը կատարել է Երուսաղեմի Հայոց Ժառանգավորաց Վարժարանի երգչախումբը:
Ս. Պատարագի ընթացքում ուխտավորներն արժանացան Ս. Հաղորդության Խորհրդին: Ս. Պատարագից հետո կատարվեց հատուկ հոգու և մարմնի բժշկության կարգ:
Այնուհետեւ ուխտավորները եղան Ս. Հրեշտակապետաց վանքում, որտեղ նրանց ընդունեց Հայր Ղևոնդ վրդ. Հովհաննիսյանը: Այնտեղ նրանց ցույց տրվեց Ս. ձիթենին, որի պտուղները հրաշագործ զորություն ունեն:
Հայր Տիրանը ուխտավորներին պատմեց, թե ձիթենին նախապես եղել է չոր փայտի կտոր, որին չարչարանքների ժամանակ կապել են Քրիստոսին, որից հետո ծառը կանաչել է և դարձել պտղատու:
Վերջին շրջանում հոգևորականները նշում են մոտ 200 դեպք, երբ պտուղն ուտելուց հետո երկար տարիներ երեխա չունեցող կանայք երեխա են ունեցել:
Ուխտավորների հոգևոր առաջնորդները հանդիպում են ունեցել Երուսաղեմի Ս. Հակոբյանց Միաբանության Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նուրհան Արք. Մանուկյանին:
Երեկոյան Հոգշ. Տ. Թեոդորոս վրդ. Զաքարյանը ուխտավորներին հանձնեց ուխտավորի վկայականները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









