Քաղաքականությունը նման չէ մաթեմատիկայի, միշտ չէ, որ միավորումը բերում է ավելի շատ ձայներ. Լարիսա Ալավերդյան
«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ այսպիսի ընտրությունները կլինեն պղտոր ու սև մեթոդների ու հասարակության միամտության վերջը:
«Ցանկացած ընտրություն ոչ այնքան քննություն է իշխանության համար, որքան քաղաքացիական հասարակության: Այս տարիների ընթացքում մենք տեսանք, որ ընտրություններն ընդդիմության համար հետաքրքիր բացահայտումներով աչքի ընկան»,-ասաց նա:
Տիկին Ալավերդյանը նշեց, որ ԱԺ-ն ժողովրդի ընտրյալների տեղն է և այդ առումով խորհրդարանն այսօր աղքատ է: Ըստ նրա՝ այս քսան տարիները ցույց են տվել, որ չի կարելի՝ ունենալ քաղաքական մի դիրքորոշում, սակայն նպատակների իրագործման համար խորհրդարան գնալ մեկ այլ ճամբարով:
«Չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է: Խոսքս միայն անձերին չի վերաբերվում, նաև քաղաքական ուժերին է վերաբերվում: Ես չեմ ուզում անուններ տալ, կարծում եմ դուք ինքներդ կարող եք հասկանալ»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությանը՝ տիկին Ալավերդյանը նշեց. «Եթե դու բերում ես մի նոր թիմ, անգամ հրաշալի անձնավորություններով, բայց դու՝ հասարակության առջև չես աշխատել այդ թիմով, ուրեմն չես կարող վայելել ժողովրդի այն վստահությունը, ինչն ունեիր»:
Նա նաև նշեց, որ խորհրդարանում իր ներկայացված լինելու խնդիրը չէ, որ իրեն անհանգստացնում է, այլ ափսոսում է, որ այլևս խորհրդարանում չեն լինելու Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի նման մարդիկ:
«Քաղաքականությունը նման չէ մաթեմատիկայի, երբ երկու միավորներ համախմբվում են և համագումար են կազմում, միշտ չէ, որ այդ միավորումը բերում է ավելի շատ ձայներ: Այժմ մենք պետք է միառժամանակ սպասենք և տեսնենք, թե ի՞նչ է եկել խորհրդարան «Ժառանգության» ցուցակով և արդյո՞ք, նրանք կարող են անել այն՝ ինչ անում էր «Ժառանգությունը»՝ 4-րդ գումարման խորհրդարանում»,- իր խոսքը եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:









