Այսօր երեկոյան Հայաստանում կկայանա «Թանգարանային գիշերը»

10:17 • 19.05.12

Երեկ Թանգարանների միջազգային օրն էր. 1978 թ.-ից այդ օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում: Իսկ արդեն 8-րդ տարին է, որ Հայաստանը ևս աշխարհի բազմաթիվ երկրների հետ միացել է այս գեղեցիկ տոնին:

 

Չնայած Եվրոպական միության կողմից այս տարի հայտարարված է «Թանգարանը փոփոխվող աշխարհում» խորագիրը, սակայն Հայաստանում «Թանգարանների գիշեր» ակցիան կանցկացվի «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով: Այն նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը:

 

Տոնի շրջանակներում Հանրապետության թանգարանները յուրօրինակ ցուցադրություններով ու միջոցառումներով կներկայանան այցելուներին: Ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր Հայաստանի բոլոր թանգարանների մուտքը անվճար կլինի այցելուների համար:

Երևանում օրվա կապակցությամբ հետաքրքիր միջացառումներ կկազմակերպվեն 28 թանգարաններում: Տոնին հաղորդակից կլինեն նաև բոլոր մարզերի շուրջ 34 թանգարանները:

«Թանգարանների գիշեր» ակցիան առաջին անգամ իրականացվել է Գերմանիայում` 1997-ին: Օրինակը վարակիչ էր և արդեն 1999 թ.-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության որոշմամբ երկրի թանգարաններում մայիս ամսվա երրորդ կիրակին դարձավ անվճար այցելության օր: Այդ օրը կոչվեց «Թանգարանային գարուն»: Ժամանակի ընթացքում այն մեծ տարածում ստացավ ամբողջ Եվրոպայով` արժանանալով Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ 39 երկրների ուշադրությանն ու Եվրոպայի խորհրդի աջակցությունը:

 

2001 թվականից «Թանգարանային գարուն»-ը վերանվանվեց «Թանգարանային գիշեր»-ի: