Աֆղանստանի օդուժը մինչև 2016թ. կբերվի ամբողջական մարտական պատրաստության. ՆԱՏՕ
Աֆղանստանի ռազմաօդային ուժերն ամբողջական մարտական պատրաստության կբերվեն 2016թ.-ին, Ռուսաստանի ակտիվ աջակցության շնորհիվ: Չիկագոյում մայիսի 20-21-ին կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ, այս մասին հայտարարել է Դաշինքի շտաբ- բնակարանի աղբյուրը (անունը չի նշվում):
«Աֆղանստանի Ռազմաօդային ուժերը թեև ունեն ուղղաթիռներ, սակայն շարունակում են դրանց պակաս զգալ: Մենք հուսով ենք, որ ՌՕՈՒ-ն մարտական պատրաստության կբերվի 2016թ.-ին»,- ասել է նա:
Աղբյուրի խոսքով` այս հարցում դաշինքին զգալի օգնություն է ցուցաբերում Ռուսաստանը` Նովոսիբիրսկում ուսուցանելով աֆղանցի մասնագետներին ուղղաթիռային տեխնիկային:
Ապրիլի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Նովոսիբիրսկում սկսվել է աֆղանցի տեխնիկների ուսուցումը, որոնք պետք է սպասարկեն Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից շահագործվող ռուսական արտադրության ուղղաթիռները:
Ռասմուսենը հայտնել էր, որ աֆղանցի մասնագետների վերապատրաստման ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստան- ՆԱՏՕ Խորհրդի կողմից:
Ներկայում ռուսական ու խորհրդային արտադրության ուղղաթիռներն Աֆղանստանի ուղղաթիռային պարկի հիմնական մասն են կազմում: Այս երկիրն ունի մոտ 10 հատ Մի-24, 45 հատ` Մի-17 և մի քանի Մի-8 ուղղաթիռ:









