Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի 66 աշակերտ ստացան առաջին կարգի դիպլոմներ (լուսանկարներ)

15:30 • 19.05.12

2011-2012 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի եզրափակչի 66 հաղթողները այսօր՝ անձամբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից, ստացան իրենց առաջին կարգի դիպլոմները:

 

Մինչ այդ, միջազգային օլիմպիադայի երկու հաղթողների կողմից Օլիմպիական գիտության ջահը Երևանի պետական համալսարանի դահլիճ բերելով էլ մեկնարկեց մրցանակաբաշխությունը:


Դպրոցականների առարկայական օլիմպիադային մասնակցել էր թվով 1126 աշակերտ:Առաջին կարգի դիպլոմի արժանացած 66 աշակերտներից բացի, 242-ն արժանանացել են ԿԳՆ գովասանագրի, 141-ը՝ երրորդ կագի և 92-ը՝ երկրորդ կագի դիպլոմների:


Նրանք իրենց դիպլոմներն ու գովասանագրերը կստանան մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից. դրանք նախարարը փոխանցեց միջոցառմանը ներկա` մարզերի կրթության վարչության ներկայացուցիչներին:


Նշենք, որ եզրափակիչ փուլն անցկացվել է 15 առարկաներից, որին մասնակցել են Երևանի , ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտներ:


Արմեն Աշոտյանն իր ելույթում նկատեց, որ օլիմպիական շարժումը Հայաստանում մեծ ավանդույթներ ունի, որը կարևոր է ոչ միայն հաջողությունների ու հաղթանակների առումով, այլ նաև կրթության մասսայականության և քարոզչության համար:

«Օլիմպիական շարժման ժամանակ կարևոր է, որպեսզի մենք հայտնաբերենք տաղանդավոր երեխաների, որոնց հետո հնարավորություն կտրվի մասնակցել միջազգային օլիմպիադաների, իսկ դրանց մասնակցությունից հետո, հաջողության դեպքում, այդ երեխաներն առանց քննությունների կարող են ընդունվել ցանկացած բուհ»,- արդեն լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը:


Ըստ Աշոտյանի, օլիմպիադաները երկու մասի կարելի է բաժանել՝ առարկաներ, որոնք չկան միջազգային օլիմպիադաների շարքում՝ դրանք, մասնավորապես, վերաբերվում են հայագիտությանը և օլիմպիադաներ, որոնք արդեն նաև միջազգային մրցույթների մասնակցություն կապահովեն:


«Վերջին տարիներին մեր աշակերտները փառքով են վերադառնում միջազգային օլիմպիադաներից»,- ասաց նա:
ԿԳ նախարարն, ի դեպ, ներկաներին խոստացավ, որ նախարարությունը բոլոր այն առարկաների համար, որոնք լինելու են միջազգային օլիմպիական ծրագրերում, Երևանից դուրս կազմակերպելու են նախապատրաստական ամառային հավաքներ. «Լավագույն մասնագետները հավուր պատշաճի կպատրաստեն մեր հավաքականը»,- ասաց Արմեն Աշոտյանն ու խոստացավ, որ հաղթողներին կդիմավորի առանձին-առանձին: