Շոն Փենը Կաննին սեքս-բոյկոտի կոչ է արել

14:57 • 19.05.12

Հոլիվուդյան դերասան Շոն Փենը Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացված բարեգործական աճուրդի մասնակից կանանց կոչ է արել սեռական բոյկոտ հայտարարել իրենց զուգընկերերին` այնքան ժամանակ, մինչև նրանք գումար նվիրաբերեն 2010 թ.-ի երկրաշարժից տուժած Հայիթիի վերականգնմանը, հայտնում է Agence France-Presse-ը:

 

«Ես ցանկանում եմ, որ այս դահլիճում յուրաքանչյուր կին` ի նշան Հաիթիի կանանց համերաշխության, ասի իր հետ Կանն այցելած տղամարդուն` քեզ հետ սեքսով չեմ զբաղվի, մինչ գումար չնվիրաբերես» ,- ասել է Փենը, ով հայտնի է իր հասարակական գործունեությամբ:


Դահլիճում ներկա են եղել դերասանուհիներ Ջեսիքա Չեսթեյնն ու Դիանա Քրյուգերը, մոդելավորող Ժան- Փոլ Գոթիեն, պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը, դերասաններ Յուեն ՄըքԳրեգորը, Բեն Սթիլլերն ու Քրիս Ռոքը:

 

Բարեգործալկան աճուրդում վաճառքի են հանվել U2 խմբի համերգի VIP տեղերն ու խմբի առաջնորդ Բոնոյի կիթառը, երեք ուղեգիր Հաիթի` Փենի ուղեկցությամբ, նկարիչ Շեփարդ Ֆեյրիի աշխատանքները և Մոնակոյի արքայազն Ալբերտի հետ հանդիպման հրավիրատոմս: Փենի կոչից հետո, ներկաները նվիրաբերել են 1.3 մլն եվրո:


Կաննի կինոփառատոնը մեկնարկել է մայիսի 16-ին, Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմով: Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան մայիսի 27-ին: