Աշտարակում օձը խայթել է 68–ամյա մի բնակչուհու

18:16 • 19.05.12

Առողջապահության նախարարության թեժ գծում՝ մայիսի 19-ին, ժամը 14.46-ին տեղեկություն է արձանագրվել այն մասին, որ ժամը 14.30-ի սահմաններում, օձի խայթոցից թունավորումով, Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակի բնակչուհի, 1944թ. ծնված Ք. Հովսեփյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին Առողջապահության նախարարության «թեժ գծից»:


Հիշեցնենք, որ մայիսի 15-ին գյուրզա տեսակի օձի խայթոցից թունավորումով Մալիշկա գյուղի առողջության կենտրոն, այնուհետև՝ Եղեգնաձորի հիվանդանոց էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ` 1933 թ. ծնված Ա. Մկրտչյանը, իսկ Եղեգնաձորի հիվանդանոց՝ Արենի գյուղի բնակիչ` 1942 թ. ծնված Վ. Նազարյանը:


Նույն օրը օձի խայթոցից Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև «Մուրացան» մանկական հիվանդանոց էր տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ, 2009 թ. ծնված Ա. Գինովյանը, ում վիճակը սկզբում գնահատվում էր ծանր, ապա՝ միջին ծանրության և կայուն:


Ինչպես Tert.am-ին հայտնել էր Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, ԱՆ-ը բոլոր մարզային պոլիկլինիկաներին դիմել է շրջաբերական նամակով, որում ասվում է այն մասին, որ յուրաքանչյուր բուժհիմնարկ պետք է ունենա «Անտիգյուրզին»:


Ինչպես տեղեկացնում է hy.wikipedia.org –ը՝ «Հայկական հանրագիտարանը», ՀՀ-ում կա օձերի 4 ընտանիքի 23 տեսակ՝ ցամաքային, կիսաջրային և ծովային կենսակերպ վարող տեսակների խմբեր։ Դրանց թվում են՝ Պալլասի մագլցող սահնօձը, Անդրկովկասյան մագլցող սահնօձը, Սովորական պսակաօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Պարսկական պսևդոցիկլոֆիսը: Թունավոր են համարվում գյուրզան, կովկասյան, տափաստանային և հայկական իժերը: