Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կամ ՀՀԿ-ԲՀԿ ներկայացումը նման է ամուսնական զույգի վեճի, որն ավարտվում է անկողնում. Ստյոպա Սաֆարյան

12:14 • 19.05.12

Իր Facebook-ի էջում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ավարտական սցենարն է ամփոփում «Ժառանգություն» կուսակցության անդամ, այլևս նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կամ ՀՀԿ-ԲՀԿ թատերական ներկայացումը նմանեցնելով ամուսնական զույգերի միջև ծագած վեճի, որն ավարտվում է անկողնում:



Նախկին պատգամավորը, ով հայտնի է որպես քաղաքական վերլուծաբան, այս անգամ քաղաքական գործընթացները փորձել է քննարկել ու «վերլուծել» ամուսնական, ներանձնական հարաբերությունների ֆոնի վրա:

 

Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կամ ՀՀԿ-ԲՀԿ թատերական ներկայացումը նման է վիճված ամուսնական զույգի դրամային, որտեղ ամուսինը ամեն մի վեճից հետո կնոջը անընդհատ ճամպրուկներով ղրկում է հորանց տուն, իսկ կինը վիճվելուց ու տունը լքելուց առաջ, ի պատասխան և ի ցտեսություն, դամաշնիկն է շպրտում ամուսնու վրա»:

 

Սաֆարյանը նկատում է, թե ամուսինների ներանձնական այդ տեսարանը բավականին հաճախ է բեմականացվում «հարևանների» աչքի առաջ, բայց կարևորն այն է, որ «այն միշտ ավարտվում է անկողնում»:

 

Նախկին պատգամավորը «ամուսինների» հարաբերություններից անցում է կատարում «ժառանգություն» կուսակցության գլխին եկածին, ու գրում. «Մի կողմ թողնենք այն, որ այս անհաշտ զույգի քավորը` առաջին նախագահը, ժամանակ առ ժամանակ, ինքն էլ չի կողմնորոշվում, թե կողակիցներից ո՞րն է ճիշտ և ո՞րի «ճիշտը» պահի: Նրանցից որ կողմը ոնց էլ «ճիշտուսխալ արեց», միշտ մեղավորը չորրոդներն էին, այդ թվում` «Ժառանգությունը»:

 


Ու քանի որ «Ժառանգությունը» Սաֆարյանի համոզմամբ, «զույգերի անդորրը» խանգարող քաղաքական ուժ է, ուրեմն այդ կուսակցության գլխին էլ սկսում են «ինչ-որ բաներ» սարքվել. «Ու էս ներկայացման նեղմաջալներին, իսկ ավելի ստույգ` ամիսներով Ռ.Քոչարյանի լրատվամիջոցների տնաբույծ «վերլուծաբանները» զույգերի խռովքի պահերին, 7 օրուգիշեր գրում էին «Ժառանգության» «ծախվելու» մասին, քանի որ վերջինս քլնգում էր բոլորի անդորրը խանգարած երկու զույգին ու նրանց պրոդյուսեր քավորին: Վերջին 1 ամսում այդ «վերլուծամիջոցների» բայղուշ «մեներգությունը» վերածվեց դուետի, երբ այս անգամ ՀԱԿ լրատվամիջոցները համեստաբար եւ անսպասելիորեն (որովհետեւ հրաժարվեցին 1-ինը լինելու մենաշնորհից) ու ստանձնեցին բեկվոկալի գործառույթը:

 

Ու խոռը (երգչախումբ չեմ ասում), իբրև կայացած փաստ, փորձում էր ներկայացնել, թե «Ժառանգությունը» ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմելու, և դրա «ապացույցն այն է», որ քննադատում է ընտրատրակտոր բաժանող ԲՀԿ-ին, ով հեսա-հեսա ՀԱԿ-ի հետ միասին իրականացնելու է վիժեցված հեղափոխությունը և չկայացած փեսացուին տանից դուրս են հանելու).... Բա? Չգիտեիք` իմացեք: Չստացված երգուպարի, հետո թավշյա, իսկ հիմա էլ տրակտորային հեղափոխություն»:


«Դեհ, փեսացուի դաշտն էլ բավականություն էր ստանում նրանից, թե ինչպես են տարբեր ժամանակներում իր վրա դամաշնիկը շպրտած մյուս երկու խանդոտ սերերը փորձում խժռել այն ամենը, ինչը խանգարում է թե իրեն, թե նրանց: Հետո խռոված կինը միասնական շտաբի դռան փալասի վրա մաքրեց ոտքերն, ու հայդե մարդու տուն: Իսկ մնացածն ինչպես գիտեք... Կինոն ավարտվեց, երբ Գելափը լիքն ու բարով գնաց, իսկ ԿԸՀ-ին թողեց միայն բարաթը.... »


Նախկին պատգմավորն իր «քաղաքական-վերլուծական» պատումն ավարտում է հետևյալ կերպ.«Մնում է ընդամենը ազդարարել նորացված հին կոալիցիայի, թյո~ւ` վերամիավորված ընտանիքի մասին այնպես ու այնպիսի անունով, որ մի քիչ շատ անհարմար պահ չստեղծվի կողմերի համար. կասեն` կոալիցիա չեն, բայց համատեղ կառավարում են, մեկը` խոհանոցում, մյուսը` ննջասենյակում: Ճաշասենյակն էլ հյուրերի ու քավորի համար, երբ գժտված զույգերը առանձին-առանձին հյուրընկալեն նրան: Բայց դե հարսանիքի «վերլուծական» խոռն ինչ ասի՞:

 

Կասի, խոսք էին առել «Ժառանգությունից», բայց քցեցին: Չեղած արժանապատվությունն այսպես էլ կարելի է պահել: Չէ՞ որ բոլորը «դեմքը պահելու» խնդիր ունեն: Հո այդ կիսաֆաբրիկատ ու տնաբույծ վերլուծաբաններին խայտառակ չեն անելու ալամ աշխարհի առաջ: Էլի են չէ՞ պետք գալու: Դեմը նախագահական-մախագահական հարսանիք բան կա: Ադաթով հարսանիքները պետք է 7օրուգիշեր լինեն: Կորչեն դհոլները: Հարսանքավորների մեջ արդեն լիքը այդպիսի ժողգործիքներ կան: Խոռն էլ կա ու կա»: