Սուրեն Սուրենյանցը մեկ տարի է՝ սառեցրել է իր անդամությունը ՀԱԿ-ին և «Հանրապետությանը»

11:59 • 19.05.12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեկ տարուց ավելի է՝ սառեցրել է իր անդամությունը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին և «Հանրապետություն» կուսակցությանը՝ անհաղթահարելի տարաձայնություններ ունենալով Կոնգրեսի հետ, որի կազմում էր «Հանրապետությունը» մինչև երեկ՝ դե յուրե և դե ֆակտո:

 

« «Հանրապետությանն» իմ անդամությունը սառեցրել եմ՝ բացառապես ՀԱԿ-ի ղեկավարության հետ ունեցածս տարաձայնությունների պատճառով»,- Tert.am-ին հայտնեց Սուրեն Սուրենյանցը՝ նշելով, որ տարիներ առաջ «Հանրապետություն» կուսակցության համագումարին ընտրվել էր կուսակցության քաղխորհրդի անդամ:

 

Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը հետևյալ հարցադրումն էր արել՝ ինչու՞ «Հանրապետությունը» որևէ դիրքորոշում ի ցույց չդրեց այն ժամանակ, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ թիվ 7 ընտրատարածքում պաշտպանում է Սամվել Ալեքսանյանի, այլ ոչ ՀԱԿ համամասնական ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

 

«Այս ընտրություններին որևէ քաղաքական թիմի կազմում չեմ մասնակցել: Հետևաբար, որպես անհատ, ազատ եմ այս կամ այն թեկնածուին սատարելու հարցում»,- իր քայլն այս կերպ մեկնաբանեց Սուրեն Սուրենյանցը:

Վերջինս իր անդամության սառեցման մասին գրավոր դիմում չի ներկայացրել, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ այս մասին մամուլում հայտարարություն է տարածել:
Ի պատասխան հարցին, թե շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում ավելի շատ օգտակար գործ կանի, քան Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Սուրենյանցն ասաց. «Ես այն կարծիքի եմ, որ էդ ընտրատարածքում հասարակության տրամադրությունների արտահայտողը Սամվել Ալեքսանյանն է»:

 

Սուրեն Սուրենյանցը հավելեց, որ ստեղծված նոր իրավիճակում, (երբ «Հանրապետությունը» լքել է ՀԱK-ը Tert.am ), չի բացառում իր անդամության ապասառեցումը: