Տիմոշենկոյին ճնշում են թաքնված տեսախցիկները. Եվրախորհրդարանի փոխնախագահ

16:01 • 19.05.12

Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը Խարկովի հիվանդանոց այցից հետո, լրագրողներին պատմել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ հանդիպման մանրամասները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

«Առաջին հերթին, մենք խոսել ենք հիվանդանոցային պայմանների մասին, 2-րդ, ես պարոն Շուլցի խնդրանքով (ԵԽ նախագահի) հարցրել եմ նրանից, թե հարկավո՞ր են լրացուցիչ բժիշկներ: 3-րդ` համաձա՞յն է նա, որպեսզի իր գործի բողոքարկմանը ներկա լինի Եվրախորհրդարանի ներկայացուցիչ: Սա նույնպես պարոն Շուլցի առաջարկն է»,- ասել է փոխնախագահը` հավելելով, որ իհարկե, չեն շրջանցվել Եվրամիություն-Ուկրաինա հարաբերություններին ու դրանց հեռանկարներին առնչվող հարցերը:


Ըստ նրա` Տիմոշենկոն լրացուցիչ բուժօգնությունից հրաժարվել է, քանի որ գերմանացի բժիշկները լիովին բավարար են բուժման համար: Նա դեմ չի եղել վճռի բողոքարկմանը եվրոպացի քաղաքական գործչի ներկայությանը: Իսկ ինչ վերաբերել է Տիմոշենկոյի առողջությանը, Պրոտասևիչը նշել է, որ նա գտնվում է «ծանր հոգեկան վիճակում»:

 

«Բաց ու թաքնված (Տիմոշենկոն կարծում է, որ իրեն հետևում են նաև թաքնված տեսախցիկներով) տեսախցիկների առկայությունը չեն նպաստում նրա բուժմանը»,- ասել է նա:

 

Ապրլի 20-ին Տիմոշենկոն հայտնել էր, որ կալանավայրում աշխատակիցներն իր հանդեպ ուժ են կիրառել, մինչդեռ իրավապահ մարմինները չեն հայտնաբերել որևէ պատճառ այդ առթիվ քրեական գործ հարուցելու համար։ Նախկին վարչապետը հայտարարել էր հացադուլ, ինչի հետևանքով լիովին վատթարացել էր նրա առողջական վիճակը: