Իրաքում ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը
Իրաքի Բասրա քաղաքում` Թուրքիայի հյուպատոսության առջև, այսօր առավոտյան բողոքի ակցիա է անցկացվել, որի ընթացքում ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը, հայտնում է SalamNews-ը:
Ակցիային մասնակցել են քաղաքի տասնյակ բնակիչներ, այդ թվում` Բասրայի Աշխատավորների միության անդամները, պետական ծառայողներ ու ուսանողներ, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել թուրքական կառավարության դեմ, որն ապաստան է տրամադրել ահաբեկչությունների ֆինանսավորման մեջ մեղադրվող Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք ալ Հաշիմիին:
Ակցիայի ընթացքում նրանք այրել են Թուրքիայի դրոշը, այնուհետ նամակ փոխանցել հյուպատոսության աշխատակիցներին, որտեղ թուրքական կառավարությանը 15 օր է տրամադրվում Հաշիմիին հանձնելու համար:
«Հակառակ դեպքում` վտանգի տակ կհայտնվեն Սիրիայում Թուրքիայի շահերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նրանք նաև քննադատել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար, հայտնում է alwafd.org-ը:
Իրաքի ներկայիս շիա կառավարությունը` Նուրի ալ Մալիքիի գլխավորությամբ, մեղադրում է սուննի Թարիք ալ Հաշիմիին «մահվան էսկադրոններ» ստեղծելու ու քաղաքական հակառակորդներին սպանելու մեջ: Նրա և իր 73 օգնականների նկատմամբ առաջադրվել է մոտ 300 մեղադրանք:









