Երևանում անցկացվեց Իրանի միջուկային ծրագրի թեմայով ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողով

16:15 • 19.05.12

Այսօր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներն անցկացրին Միավորված ազգերի կազմակերպության՝ մոդել խաղ-խորհրդաժողով, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և
Ռուս-հայկական համալսարանի միջև կնքված համագործակցության շրջանակներում:

Խաղ-խորհրդաժողովի մասնակիցների քննարկման թեման Իրանի միջուկային ծրագիրն էր:

ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողովներում կրկնօրինակվում են ՄԱԿ-ի մարմինների գործունեությունը, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետությունների և քննարկում են համաշխարհային նշանակության հարցեր:


ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ խաղ-խորհրդաժողովի նպատակը ուսանողներին դիվանագիտական հմտություններ փոխանցելն է:


«Ուսանողներից յուրաքանչյուրը ստացել է առաջադրանք: Ներկայացնում է որևէ երկիր և արտահայտում է այդ երկրի դիրքորոշումն ու շահերը: Ես հիացած եմ ուսանողների ջանասիրությամբ: Նրանք իրենց բոլոր ջանքերը ներդրել են խաղի մեջ և շատ լրջորեն են պատրաստվել, թեև գտնվում են քննական շրջանում»,- ասաց Մարիա Դոցենկոն։


Նա նաև նշեց, որ այն գիտելիքները, որոնք ուսանողները ձեռք են բերում խաղին նախապատրաստվելիս, պետք կգա ամբողջ կյանքում՝ ինչով էլ որ հետագայում զբաղվեն:


Համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սյուզաննա Շամախյանն էլ տեղեկացրեց, որ ուսանողներին աջակցել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան խորհրդական-տեղակալ Ջաֆար Զամանին՝ տրամադրելով ուսումնասիրություններ և հակիրճ տեղեկատվություն հարցի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ:


«Եթե խաղի ավարտին գանք որևէ համաձայնության և, եթե փաստաթուղթը լինի այնպես մշակված, ինչպես մենք ենք ուզում, այն գուցե ներկայացնենք ՄԱԿ-ի գրասենյակին, որպես խորհրդատվություն: Բայց խաղը հնարավորություն է ուսանողների համար՝ ներգրավված լինել միջազգային մակարդակի հարցերում»,-ասաց Սյուզաննա Շամախյանը:


Վերջինս նաև տեղեկացրեց, որ նախքան խաղ-խորհրդաժողովի անցկացումը, ուսանողները անցել են փորձառության դասընթացներ: