«Մեծ ութնյակում» համաձայնեցվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումները

20:43 • 19.05.12

«Մեծ ութնյակի» (G8) երկրների ղեկավարները 38-րդ գագաթաժողովի շրջանակներում հինգշաբթի երեկոյան աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ, այդ թվում Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի խնդիրները, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


G8-ի երկրների ղեկավարները կարողացել են համաձայնեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումները, գործակալությանը տեղեկացրել է Աֆրիկայում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը՝ նշելով սակայն, որ Սիրիայի հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կան:


Գագաթաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահի հանգստավայր Քեմպ-Դևիդում:

Սպասվում է, որ երկօրյա քննարկման հիմնական նիստի կքննարկվեն տնտեսական, էներգետիկ և կլիմային առնչվող հարցեր։


«Մեծ ութնյակի» առաջնորդները նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնեն: Մասնավորապես, Ռուսաստանի նոր վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պետք է երկկողմ հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: