Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի տեղադրումն ու օրհնությունը՝ ԶՈՒ վարչական համալիրում
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, մայիսի 18-ին տեղի է ունեցել Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի տեղադրման և օրհնության կարգը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, սպաներ և հոգևորականներ:
ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ելույթ ունենալով, իր խոսքում համոզմունք է հայտնել, որ խաչի տեղադրումը բեկումնային նշանակություն կունենա Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար` ընդգծելով, որ հանդիսավոր արարողությունը խորհրդանշական է նաև այն առումով, որ 2012թ. առաջին կիսամյակն ազգային բանակն ամփոփում է արձանագրած բազմաթիվ հաջողություններով և ձեռքբերումներով, որոնք, անշուշտ, կբազմապատկվեն:
Նշենք նաև, որ ս.թ. հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում հրապարակվել է Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կատարել է Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի օծումը, որից հետո այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչը պտույտ է կատարել ազգային բանակի մարտական դիրքերով:









