Լիբանանում սպանվել է իսլամական սունի հոգևոր առաջնորդը, ով սիրիական ռեժիմի դեմ էր պայքարում
Իսլամական սունի իմամ և ևս մեկ իսլամիստ գործիչ, ով Սիրիայի իշխանությունների դեմ շարժման ակտիվիստներից էր, գնդակահարվել են զինվորականների կողմից Լիբանանի հսկիչ անցագրային կետերից մեկը ավտոմեքենայով անցնելու փորձ կատարելիս: Լիբանանում վերջին շրջանում մի շարք բախումներ են տեղի ունեցել սունիների և ալավիների միջև: Ալավիները պաշտպանում են սիրիական ռեժիմը, որը նույնպես կրոնական այդ ուղղությանն է պատկանում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում կատարելով երկրի հատուկ ծառայություններում իր աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով՝ իմամ Ահմեդ Աբդուլ Վահիդը (Ahmed Abdul Wahid) և նրա համախոհ Խալեբ Միրեյիբը (Khaled Miraib) կանգնեցվել են հրազենային կրակով, երբ փորձել են ավտոմեքենայով մեծ արագությամբ և առանց կանգառի անցնել Հյուսիսային Լիբանանի Աքքար շրջանի զինվորական հսկիչ անցագրային կետը:
Գործակալության հաղորդման համաձայն, իմամի մահվան լուր ցնցել է Աքքարի բնակիչներին, որոնք տարերային բողոքի ցույցեր են կազմակերպել և մի քանի ավտոճանապարհ են արգելափակել:
Լիբանանի զինված ուժերի հրամանատարությունը հաստատել է զինվորականների կողմից Աքքարի անցակետում երկու մարդ սպանելու հանգամանքը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում:









