Ահմադինեժադը ա՞չք է փակում անբարոյականության վրա
Իրանի խորհրդարանի պահպանողական պատգամավոր Ալի Մոթահարին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մեղադրել է երկրում տիրող սանձարձակության հարցում անտարբերություն դրսևորելու մեջ: Ինչպես հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, խորհրդարանականը բողոքել է, որ Ահմադինեժադին չի հետաքրքրում այն, որ իրանցի բազմաթիվ կանայք սկսել են փողոց դուրս գալ ոչ պատշաճ հագուստով:
«Հիջաբների հետ կապված իրավիճակը ողբերգական է: Իսկ պատճառը նախագահի կողմից անբարոյականության գաղտնի խրախուսումն է»,- իր մտահոգություններով կիսվել է պատգամավորը:
Նրա կարծիքով` Ահմադինեժադն ու նրա աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշեին իրենց անգործությամբ դրդում են դեռահաս աղջիկներին տաբատներ ու կարճ զգեստներ կրել:
«Հաջորդ քայլը, հավանաբար, կլինի գիշերային ակումբների ու կաբարեների բացումը»,- ասել է նա:
Վերջերս Ահմադինեժադը հայտարարել էր, որ ոստիկանությունը բարոյականությանը չափազանց շատ է ուշադրություն դարձնում` պատժելով այն կանանց, որոնք անտեսում են տեղի ավանդույթները և կրում անպատշաճ զգեստներ:
Վերջին տասնամյակում Իրանում կանայք հիջաբներից հրաժարվելու և իրենց ճաշակով հագնվելու ակտիվ պայքար են մղում: Իսկ ոստիկանությունը շարունակում է ձերբակալել ու տուգանել «չենթարկվող» կանանց:









