Լիբանանցի հոգևորականների սպանությունը սիրիամետ և հակասիրիական ուժերի բախումների է հանգեցրել Լիբանանում(լուսանկարներ, թարմացված)

10:02 • 21.05.12

Լիբանանցի զինվորները 2 սուննի հոգևորականի են սպանել՝ խուճապ առաջացնելով առ այն, որ սիրիական քաոսը հատում է նաև հարևան Լիբանանի սահմանը, գրում են առաջատար լրատվամիջոցները:


2 հոգևորակններին՝ Շեյխ Ահմեդ Աբդուլա Ուահիդին և Մուհամեդ Հուսեյն Միայբին, գնդակահարել էին այն ժամանակ, երբ նրանք փորձել էին առանց կանգ առնելու անցնել զինվորական անցակետը: Երկուսն էլ Մարտի 14-ի քաղաքական դաշինքի անդամներ էին: Այդ դաշինքը հակասիրիական կուսակցությունների ու գործիչների միություն է համարվում:


Այս սպանություններից վրդովված՝ Աքքարի հյուսիսային շրջանի բնակիչները արգելափակել էին ճանապարհները և անվադողեր վառել, հնչել են կրակոցներ: Վիճակը սրվել է նաև մայրաքաղաք Բեյրութում: Սիրիամետ և հակասիրիական ուժերի միջև սկսված բախումների հետևանքով 9, Al Arabiya-ի տվյալներով՝ 18 մարդ վնասվածքներ է ստացել: Լիբանանյան ԶԼՄ-ները աղորդւոմ են նաև 3 սպանվածի մասին:


Լիբանանի հյուսիսում շատ սուննի մուսուլմաններ համակրում են սուննիների առաջնորդությամբ տարվող պայքարը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ: Նրանք պնդում են, որ լիբանանյան բանակը Դամասկոսի հրամաններն է կատարում:

 

Միջադեպի առիթով Լիբանանի մուֆթին եռօրյա սուգ է հայտարարել: Իսկ հոգևորականների սպանության գործով 22 զինվորական է ձերբակալվել: