ԱԺ ընտրությունների «Թեժ գծի» արդյունքներով դրական ասելիք չկա. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

12:09 • 21.05.12

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, այսօր ամփոփելով ԱԺ ընտրություններում խախտումների ահազանգերին առնչվող «Թեժ գծի» գործունեության արդյունքները, նշեց, որ ի տարբերություն մյուս գնահատականների, իրենք դրական ասելիք չունեն: «Այս ամբողջ թղթերը, որ ինձ հետ է, ամբողջը խախտումների մասին գրանցված ահազանգերն են»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց իրավապաշտպանը, սակայն ավելացրեց, որ ի տարբերություն նախորդ տարիների ստացած ահազանգերի այս ընտրություններին դրանք ավելի քիչ էին:



«Քիչ ահազանգ ենք ստացել, քան նախորդ անգամ, սակայն չեմ էլ կարող ասել ամբողջովին խաղաղ էր: Բռնությունների իմաստով շատ պակաս էր, ընդամենը երկու ահազանգ է հասել»,-ասաց նա:

 

ՀԿ ներկայացուցիչը նշեց, որ, ընդհանուր առմամբ, իրենք ստացել են 123 ահազանգ, որոնցից 72-ը կոնկրետ ընտրախախտումների վերաբերյալ, որից 41-ը կազմակերպության դիտորդներն են արձանագրել, իսկ 28-ը դիմել էին քաղաքացիական խորհրդատվություն ստանալու նպատակով: «Ստացված 123 ահազանգերից ըստ դիտարկման գրեթե 100-ը ստացել ենք առավոտյան ժամը 12-ին»,- ասաց Արտակ Կիրակոսյանը:



Ըստ նրա, դրանք հիմնականում կուտակումների մասին էին, ցնդող կնիքների, քվեախցիկում մի քանի մարդու, ուղղորդումների և այլն: «Ճնշելու էլեմենտներ կային ընտրողների վրա, միանգամից բոլորին հավաքել ու բերելը, մարդկանց ուղղորդումը ներսում ընտրակաշառքների հետ կապված խնդիրն էր գուցե»,- ասաց նա:

 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահը նկատեց, որ նախորդ ընտրությունների փորձից իրենք երեկոյան ժամերին նույնպես սպասում էին նոր «պիկի», ինչպես առավոտյան էր, սակայն այդպես չեղավ: «Երկրորդ պիկը չկար, որը մտածելու տեղիք է տալիս»,- ասաց նա:

 

Ի դեպ, վերջնական արդյունքների մասին խոսելով՝ նա նաև նկատեց, որ այնտեղ, որտեղ 80%-ից բարձր մասնակցություն էր գրանցվել, 80-90 տոկոսը քվեարկել էին իշխող կուսակցության օգտին:


Արտակ Կիրակոսյանը նկատեց, որ նախագահական ընտրությունների մասին արդեն իսկ այս ընտրություններից կարելի է եզրակացություններ անել։ Իսկ այս ընտրությունները չնայած խախտումներին, ընդդիմությունը պարտվեց՝ լուրջ խնդիրներ առաջացնելով նախագահականի մրցակցության իմաստով: