Պաշտոնական Դամասկոսը հերքել է նախագահի եղբոր մահվան մասին լուրերը

10:23 • 21.05.12

Պաշտոնական Դամասկոսը կտրականապես հերքել է նախագահ Բաշար ալ Ասադի եղբոր և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին լուրերը, տեղեկացնում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
 

Ավելի վաղ արաբական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ սպանվել է Բաշար ալ Ասադի եղբայրը` հանրապետական 4-րդ գվարդիայի հրամանատար Մահեր ալ Ասադը:
 

«Ալ Ջազիրան» նաև տեղեկացրել էր, որ ընդդիմության կողմից սպանվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` այդ թվում Ասադի քրոջ ամուսինը` Ասաֆ Շաուքաթը:
 

Գրեթե բոլոր այն  պաշտոնյաները, ում մահվան մասին լուրեր էին տարածվել, հայտնվել են Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերում և անձամբ  հերքել իրենց մահվան մասին լուրերը:
 

Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամմեդ ալ Շաարն «Ալ Ջազիրայի» տարածած տեղեկատվությունն անհիմն և ծիծաղելի է համարել:

 

«Նման ստերը տարածվում են քարոզչական նպատակներով: Ես այժմ իմ աշխատասենյակում եմ: Իմ բոլոր գործընկերները իրականացնում են իրենց պարտականությունները»,- ասել է նա: