Եվրամիությունը հրաշք-լուծումներ, արագ ու էժան բաղադրատոմսեր չի առաջարկելու. Աժուբալիս
Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը Eurodialogue.org-ին տված հարցազրույցում ասել է, որ ձգձգվող հակամարտությունները հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, «շարունակում են մեծագույն սպառնալիքներից մեկը մնալ ԵԱՀԿ-ի շրջանակներում համագործակցության ու անվտանգության համար»: Նա կարևորել է 6 տարվա ձգձգումից հետո Մերձդնիետստրի շուրջ բանակցությունների վերսկսումը:
Վրացական խնդիրներով 4-րդ տարին ընթացող Ժնևի միջազգային քննարկումները նա «արժեքավոր նպաստ» է անվանել՝ անվտանգությանն ու կայունությանը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին Աժուբալիսն ասել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք սերտորեն համագործակցել ենք Մինսկի խմբի համախանագահների հետ և մեր աջակցությունն ենք բերել՝ Լեռնային Ղարաբաղի ներսում և դրա շուրջ անկայուն դրության վատթարացումը կանխելու համար: Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսի արտգործնախարարների խորհրդի համատեղ հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնության եկան. պատվիրակությունների ղեկավարները համաձայնել էին, որ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափում և բարելավել մթնոլորտը՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու նպատակով»:
«ԵՄ-ն վերջերս հաստատել է իր պարտավորությունը ներգրավված մնալ Վրաստանում և տարածարջանում կայունացմանն ու հակամարտության լուծմանն ուղղված ջանքերում», - հավելել է պաշտոնյան:
Նա ասել է նաև. «Մենք Արևելյան գործընկերությունը համարում ենք Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման էական գործիք»:
Առհասարակ, Աժուբալիսի գնահատմամբ, «Եվրասիական միությունը, ցավոք, այլևս երկարաժամկետ լուծում չի առաջարկում՝ կայունության ու բարգավաճման ապահովման հարցում, ինչը թե ԵՄ-ի և թե նրա հարևանների շահերից է բխում»: Սակայն, Եվրամիությունն էլ, ըստ պաշտոնյայի, «երբեք հրաշք-լուծումներ, արագ ու էժան բաղադրատոմսեր չի առաջարկելու Արևելյան գործընկերության երկրների ներկա բոլոր մարտահրավերների լուծման համար»:
Նա նշել է նաև, որ տեսանելի և անժխտելի են որոշ գործընկեր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի քայլերը՝ ԵՄ ավելի խոր ինտեգրման ուղղությամբ:









