Կոտրել են Էմմիի Facebook-ի, YouTube-ի էջերը և անձնական էլփոստը
Հարձակման են ենթարկվել երգչուհի Էմմիի Facebook-ի, YouTube-ի էջերը և անձնական էլփոստը. այս տեղեկությունը Tert.am-ին հավաստեց երգչուհու մայրը և պրոդյուսերը՝ Նադեժդա Սարգսյանը:
Նա մասնավորապես ասաց, որ կոտրել են Էմմիի Facebook-ի գաղտնաբառը՝ ինչը վտանգել է նրա անձնական նամակագրությունը:
Նադեժդա Սարգսյանը դժվարանում է ասել, թե ում կարող է հարկավոր լինել նման բան՝ «Եվրատեսիլի» նախաշեմին: Ասաց միայն, որ իրենք «արդեն հոգնել են» և «չեն կարողանում հասկանալ, թե ում է այդ աստիճան հետաքրքրում Էմմիի անձնականը»: Ամեն դեպքում, նրանք անվտանգության նկատառումներով արդեն դիմել են Facebook-ի ադմինիստրացիային և այս պահին նամակագրության մեջ են սոցկայքի հետ:
Էմմիի YouTube-ի էջի գործունեությունը արդեն հաջողվել է վերականգնել:
Հարձակումը Էմմիի էլեկտրոնային տիրույթների վրա սկսվել է երեկ չէ առաջին օրը գիշերը:









