ԵՄ երկրները պաշտպանության համար տարեկան 200 մլրդ եվրո են ծախսում
Եվրամիության 27 երկրների` պաշտպանությանն ուղղված տարեկան ընդհանուր գումարը 200 մլրդ եվրո է: Այս մասին Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այսօր հայտարարել է Միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
«Սա զգալի գումար է, սակայն այն կարող է ծախսվել առավել արդյունավետ ու տալ առավել որակյալ արդյունք»,- հայտնել է վան Ռոմպեյը:
Նա ռազմավարական գործընկերության ու Եվրամիություն-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդման կոչ է արել` ընդգծելով կողմերի արդյունավետ փոխգործակցությունը ռազմական հնարավորությունների զարգացման ոլորտում:
«Հզոր Եվրոպան Հյուսիսատլանտյան դաշինքի շահերից է բխում: Եվրամիությունը մտադիր է շարունակել սերտ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և միջազգային անվտանգության շահերից բխող արդյունավետ արդյունքներ ապահովել»,- ասել է վան Ռոմպեյը:
2012թ.-ին ԱՄՆ ռազմական գերատեսչության բյուջեն 662 մլրդ դոլար է, Չինաստանի ռազմական բյուջեն` 106 մլրդ դոլար, իսկ ռուսական բանակը սպառազինություններով, հատուկ տեխնիկայով համալրելուն կուղղվի ավելի քան տրիլիոն ռուբլի:









