«Հայրենիք և պատիվ» կուսակցությունը որոշեց դուրս չգալ ՀԱԿ-ից
«Հայրենիք և պատիվ» կուսակցության՝ շաբաթ օրը հրավիրված ակտիվի նիստում որոշվել է, որ կուսակցությունը մնում է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի կազմում, այս մասին Tert.am-ին հայտնեց կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ով մի քանի օր առաջ չէր բացառել, որ քննարկման կարող է դրվել նաև ՀԱԿ-ում մնալ-չմնալու հարցը:
«Որոշեցինք, որ գործ ենք անելու, իսկ մնալ-չմնալը դա ի՞նչ հարց է»,- մեկնաբանեց Գառնիկ Մարգարյանը՝ ավելացնելով, որ ակտիվի նիստում որոշվել է Կոնգրեսին առաջարկել ամբողջական իշխանափոխության կամ արտահերթ նախագահական ընտրությունների շուրջ ժողովրդին համախմբելու ծրագիր:
Այսպիսով, ՀԱԿ-ը լքելու հարցը «Հայրենիք և պատիվ» կուսակցությունում համարվում է փակված:
Հիշեցնենք, որ Գառնիկ Մարգարյանի կուսակցության ներկայացուցիչները դեմ էին՝ ինչպես Ազգային ժողովի ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը, այնպես էլ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ մանդատները վերցնելուն:









