«Գոմիկներին՝ Բաքու». «Բազմազանության» երթը կամ «գեյ շքերթը» չի կայացել (լուսանկարներ, տեսանյութեր)

18:10 • 21.05.12

Ժամը 16:15-ին` «Կասկադ» համալիրից մեկնարկած մշակութային «Բազմազանության» երթը չի կայացել: Tert.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ ազգայնական երիտասարդական խմբեր Աբովյան փողոցում խոչընդոտել են երթի մասնակիցների տեղաշարժը, նրանց հետ ընդհարումների մեջ մտել: Երթի կազմակերպիչներն ու մասնակիցները պատսպարվել են Նկարիչների միության շենքում:

 

Իսկ հետապնդողներն այս պահին հավաքված են Նկարիչների միության մոտ ՝ «Սրանք գալուբոյ են», «Ոչ գոմիկներին», «Գոմիկներին՝ Բաքու» և «Զգուշացե՜ք հոգևարակներից» պաստառներով ու վանկարկումներով: Ոմանք երգում են դաշնակցական և ազգային-ազատագրական երգեր, սակայն կուսակցական պատկանելության մասին հարցին պատասխանում են «մենք հայեր ենք» խոսքերով:

 

Երբ հայտնի դարձավ, որ երթի մասակիցները միության շենքի հետնամուտքից փախել են սա, առաջացրել է հետապնդող երիտասարդների ոգևորությունը, որոնք այս լուրն ընդունել են «Հաղ-թա-նակ» բացականչություններով, ապա ուրախությունից սկսեցին քոչարի պարել:

 

Հիշեցնենք, որ այսօր ողջ օրը սոցիալական ցանցերում հաղորդվում է, որ Մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված «Բազմազանության» երթն, իրականում «գեյ» շքերթ է, քանի որ կազմակերպիչներից PINK մշակութային ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանըը հայտնի է որպես միասեռական:

 

Հիշեցնենք, որ ըստ հայտարարվածի՝ «Բազմազանության» շքերթը պետք է անցներ Մաշտոցի պողոտա- Թումանյան փողոց- Հյուսիսային պողոտա- Աբովյան փողոց- Շառլ Ազնավուրի հրապարակ երթուղով:



Նաև խոստացվել էր, որ երթի ընթացքում մասնակիցները տեղեկատվական նյութեր կբաժանեն անցորդներին բազմազանության մասին, ինչպես նաև հրավիրատոմսեր` մասնակցելու Նկարիչների միությունում անցկացվող (ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսին:


Նշենք, որ Աբովյան փողոցում երթի մասնակիցների վրա ազգայնական ներկայացած խմբերը հարձակվել են «այս սուրբ հողի վրա գոմիկների շքերթ չի կարող լինել» խոսքերով: