Եթե ուզենայինք գեյ-շքերթ անել, բառացի կասեինք. կազմակերպիչները հերքում են, որ երթը միասեռականների համար է

17:04 • 21.05.12

Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա առիթով այսօր Երևանում նախատեսված երթը բոլորովին կապ չունի գեյ-շքերթի հետ: Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց «Pink Armenia»՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը:

 

«Ես զարմանում եմ, ինչու մարդիկ չեն հասկանում բազմազանության և գեյ-շքերթի տարբերությունը: Եթե ուզենայինք գեյ-շքերթ անել, բառացի կասեինք գեյ-շքերթ է: Մենք այդ բառից չենք վախենում, բայց ոնց հասկանում ենք, այս ազգը կարիք ունի գեյ-շքերթի, քանի որ նման պրովոկացիաներ են անում»,- ասաց նա և ավելացրեց, որ ամեն դեպքում նման երևակայություն ունեցողներին ստիպված է հուսախաբ անել: «Մեր կազմակերպությունը, ցավոք, չի կազմակերպել և չի կազմակերպելու գեյ-շքերթ, որովհետև մենք դրա կարիքը չունենք, թող հիասթափվեն մի քիչ: Սա ընդամենը բազմազանությանը նվիրված է, քանի որ այսօր մշակութային բազմազանության համաշխարհային օրն է»,-ասաց նա:

 

Արդյոք այդ բազմազանության համատեքստում հնարավոր է մասնակցեն նաև միասեռականներ, հարցին Մամիկոն Հովսեփյանը պատասխանեց. «Դետեկտորներ չունենք, որպեսզի ստուգենք մարդկանց սեռական կողմնորոշվածությունը, չենք կարող հարցնել, թե ով ում հետ է քնում և ինչ կողմնորոշում ունի: Միգուցե կան, չենք նախատեսել և հատուկ խմբերի հրավերքներ չենք ուղարկել, ուստի չենք կարող ասել գեյեր, լեսբուհիներ, տրասգենդերներ կգան, թե չէ: Երթը նախատեսված է մարդկանց համար, ովքեր որ բազմազանությունն ընդունում են, հարգում են և հասկանում, որ բազմազանությունն ընդամենը կյանքի դրական կողմն է»,- եզրափակեց նա:

 

Մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված երթը «Pink Armenia»–ն՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն խոստացել էր իր կայքում ցուցադրել նաև ուղիղ հեռարձակմամբ: Երթի մասնակիցները պետք է քայլեն «Կասկադ» համալիրից Մաշտոցի պողոտա–Թումանյան փողոց–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց երթուղով և իրենց երթն ավարտեն 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում։

 

Նշենք, որ Facebook–ում, սակայն, ակտիվորեն քննարկվում է, որ այս երթն իրականում գեյ–շքերթ է, որի նպատակն է ցույց տալ Հայաստանում առկա բազմազանությունը։