Հայտարարվել է, որ քաղաքական սակարկություններ են ընթանում. Հմայակ Հովհաննիսյան

12:33 • 21.05.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ համար, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ ԲՀԿ-ն խորհրդատվություններ է վարում՝ ապագա կոալիցիայի ձևավորման և պայմանների շուրջ: Այս մասին Հմայակ Հովհաննիսյանն ասաց Tert.am-ի հետ զրույցում` հավելելով. «Եթե կառավարության անդամները (ԲՀԿ-ական– Tert.am ) չեն հեռանում, մնում են իրենց պաշտոններին, չեք հասկանո՞ւմ …. և դրա մասին հայտարարվել է, որ քաղաքական սակարկություններ են ընթանում՝ ինչպես կկազմավորվի, ինչ պայմաններում»:

 

Նշենք, որ շաբաթ օրն էլ Հմայակ Հովհաննիսյանը «Ռեգնում» գործակալության հետ զրույցում հայտնել էր, որ ԲՀԿ կազմով ապագա կոալիցիայում հարցը գործնականում կանխորոշված է, և այս պահին խոսքը մի քանի ավել նախարարարական պորտֆելների մասին է:

 

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը երկու օր առաջ նախկինի նման չբացառեց, որ ինքը ոչ մի պարագայում չի հրաժարվի պատգամավորական մանդատից և ավելին՝ հայտարարեց, որ իր ինքնաբացարկի դիմումը հնարավոր է մինչև մայիսի 24 –ը:

 

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանի» բոլոր ներկայացուցիչները խուսափում են հանդես գալ հնարավոր, հավանական կոալիցիայի մասին մեկնաբանություններով։ Արդեն սովորական երևույթ է, որ կուսակցության և կուսակցության առաջնորդի մամուլի խոսնակների հեռախոսները կամ անջատված են, կամ չեն պատասխանում: Նույնն է նաև ԲՀԿ առանցքային դեմքերից Արամ Սաֆարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Օսկանյանի դեպքում (վերջինս Facebook-ում առաջարկել էր մի քանի օր ևս սպասել՝ այս հարցի պատասխանը ստանալու համար–Tert.am)։ Այսօր զանգերի չէր պատասխանում նաև ԲՀԿ համամասնական ցուցակի հինգերորդ համարը՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը: