Ավելի քան 67 հազար Jeep Wrangler ավտոմեքենաներ հետ են կանչվում ինքնաբռնկման պատճառով (տեսանյութ)
Ամերիկյան Chrysler ավտոկոնցեռնը 67 872 Jeep Wrangler ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնահրդեհման վտանգի պատճառով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հետկանչը վերաբերում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում վաճառված, ավտոմատ փոխանցումատուփով և մինչև 2010թ. հուլիսի 14-ը արտադրված Jeep Wrangler-ներին:
Ընկերությունը հայտարարել է, որ 2010 թվականից 14 հաղորդում է ստացվել, որոնցում ասվում է այդ մեքենաների բռնկման մասին:
Մասնագետները կարծում են, որ բռնկումը կարող է տեղի ունենալ ավտոմեքենայի փոխանցման տուփը կատալիտիկ չեզոքացուցիչից բաժանող հատվածի պատճառով: Ըստ փորձագետների՝ դժվարանցանելի ճանապարհներով տեղաշարժվելիս այդ դետալի ստացած վնասները կարող են բռնկման պատճառ հանդիսանալ:
Chrysler ընկերությունը արդեն այս ամիս կսկսի խոտանված դետալների փոխման ծրագիրը:









