Լիզա Ճաղարյանը պաստոր Նիմյուլերի խոսքն է հիշեցնում Էդուարդ Շարմազանովին և Արծվիկ Մինասյանին

17:01 • 21.05.12

Նույնասեռականների հավաքատեղի համարվող DIY ակումբի միջադեպի վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքի վերաբերյալ «Հայ ազգային կոգրես»-ի համակիր, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել նրանց ուղղված գրառում-հիշեցմամբ՝ քաղված նացիզմի զոհ, պաստոր Նիմյուլերի խոսքերից:
«Սկզբում նրանք եկան հրեաների հետևից, բայց ես լռեցի, որովհետև հրեա չէի:


Հետո նրանք եկան կոմունիստների հետևից, ու ես լռեցի, որովհետև կոմունիստ չէի:
Հետո եկան պրոֆմիության անդամների հետևից, ես էլի լռեցի, որովհետև պրոֆմիության անդամ չէի: Հետո եկան իմ հետևից.... Ու չմնաց մեկը, որ ինձ պաշտպաներ…»,– ասաց նա:


Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանի երաշխավորությամբ, գրավով ազատ էին արձակվել DIY ակումբ պայթուցիկ նետած հայ երիտասարդները, իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով էլ, որպես ազգային-պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, հայտարարել էր՝ «Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունն այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:
Այս կապակցությամբ Լիզա Ճաղարյանը նկատում է՝ «պարոնա՛յք, ձեր հերթն էլ կգա...


Բայց քանի դեռ մենք էս երկրում ենք, մենք ձեզ կպաշտպանենք` երբ ձեզ տանեն: Այ էդ է մեր և ձեր տարբերությունը....»:
Հիշեցնենք, որ այս թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվում սոցիալական ցանցերում: Արծվիկ Մինասյանին ֆաշիզմի մեջ էին մեղադրել նաև արվեստագետ Արման Գրիգորյանը, լրագրող Ծովինար Նազարյանը և հրապարակախոս Արա Նեդոլյանը:


Վերջինս՝ Լիզա Ճաղարյանի անձնական էջում տեղադրել է իր հարցազրույցը, ուր կարծիք է հայտնում, թե Արծվիկ Մինասյանի, Էդուարդ Շարմազանովի «հրապարակային նացիստական ելույթները և ահաբեկչության բացահայտ սատարումը» ազդարարում են, որ այն փոփոխությունը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, վերջապես դառնում է «իրականություն. խորհրդարանական ընտրությունների լիակատար կեղծումից հետո մենք հայտնվել ենք մի նոր երկրում, որտեղ բռնությունը, մարդու իրավական անպաշտպանվածությունն արդեն դառնում են բացահայտ ներկայացվող իշխող նորմ»:


Այս պայմաններում Արա Նեդոլյանն անհրաժեշտ է համարում, Հայաստանի քաղաքացիների կողմից, լայն հակաֆաշիստական ռազմաճակատի ձևավորման անհրաժեշտությունը: