Մալիում ցուցարարները շրջափակել են նախագահական նստավայրը
Մալիում այսօր հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի նախագահական նստավայր` կաթվածահար անելով մայրաքաղաք Բամակոյի երթևեկությունը, հայտնում է MIGnews.com-ը: Նրանք դեմ են ՄԱԿ-ի աջակցությանն արժանացած` Մալիի քաղաքացիական նախագահ Դիոնկունդա Տրաորեի մանդատի երկարաձգման համաձայնագրին:
Ցուցարարներից ոմանք կապիտան Ամադու Սանոգոյի օգտին կարգախոսներ են վանկարկել (Սանոգոն մարտի 22-ին ռազմական հեղաշրջում է իրականացրել երկրում): Բողոքի ակցիան անցկացվել է` չնայած նրան, որ Սանոգոն հանգստյան օրերին համաձայնել է Տրաորեին հնարավորություն տալ իշխանության ղեկին մնալու ևս մեկ տարի:
«Խոսք լինել չի կարող այն մասին, որ Դիոնկունդան մնա նախագահի պաշտոնում»,- ասել են ցուցարարները:









