ԿԳՆ-ն հանդուրժողականության կոչեր կանի դպրոցականների բռնցքամարտն ու փողոցային հայհոյանքները կանխելու համար

13:00 • 21.05.12

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ վերջերս համացանցում հայտնված այն տեսանյութերին, որտեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ աշակերտների վեճը խոսքից անցնում է բռնուցքների և փողոցային ամենալկտի հայհոյանքների: Նա նշեց, որ ոստիկանությունը համապատսախան աշխատանքներ է տանում՝ պարզելու, թե որ դպրոցներում են նշված դեպքերը պատահել:

 

«Նման դեպքում մենք աշխատանք ենք իրականացնոմ դպրոցում, զրուցում ենք տնօրենի, դասատուների, ծնողների ու աշակերտների հետ: Մենք միշտ հանդուրժողականության կոչ ենք անում: Եվ իհարկե այն իր արդյունքը տալիս է»,-ասաց նա:

 

Հարցին, թե ինչպես են վերահսկելու ուսանողների «Վերջին դաս»-ի օրը աշակերտների կողմից ալկոհոլի օգտագործումը, երբ չեն կարողանում վերահսկել, որպեսզի նրանք դպրոցի բակում իրար չծեծեն, նա պատասխանեց. «Չգիտեմ որտեղից երեխաների մեջ այդքան ագրեսիան, բայց պետք է տանել բարոյահոգեբանական խրատներ: Սրա դեմ տնօրենները չեն կարող միայնակ պայքարել: Ցավալի են իրոք նման դեպքերը: Դպրոց–ծնող կապը պետք է ամրապնդվի, բայց այս գործում մեծ դեր ունի հաև հասարակությունը»:

 

Նա նաև դրական համարեց դպրոցներում ոստիկանության աշխատակիցների ներկայությունը և նրանց աշխատանքը աշակերտների հետ:

 

«Վերջերս մենք ծրագիր էինք իրականացնում, որին 11 ավագ դպրոցներում ոստիկանները պարբերաբար աշխատանք էին տանում աշակերտների հետ: Դրանից հետո աշակերտներին հանձնարարվեց շարադրություն գրել և պետք է միայն տեսնեիք նրանց հիանալի տպավորությունները մեր ոստիկաններից: Մենք էլ ինքներս չէինք պատկերացնում, որ կան նման մանկավարժական հմտություններ ունեցող ոստիկաններ»,- ասաց նա:

 

Նարինե Հովհաննիսյանը նշեց նաև, որ նախարարությունը պայքարում է այն հեռուստասերիալների դեմ, որոնցում ագրեսիա է քարոզվում, սակայն միաժամանակ նշում է, որ դրանց բոլորի դեմ անհնար է պայքարել, որովհետև կան արտասահմանյան սերիալներ: «Պետք է երեխաներին տալ այնպիսի դաստիարակություն, որ նրանք չկրկնեն իրենց տեսածը»,- ասաց նա:

 

Հարցին, թե այդ դեպքում ԿԳՆ ինչու չի նախաձեռնում գիտակրթական հաղորդումներ, Նարինե Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ նման ծրագրեր իրականացվում են, և ասածի որպես վառ օրինակ բերել «Հայ ասպետ» հեռուստախաղը: