ՆԱՏՕ-ն Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերմանը «կանաչ լույս» է տվել. «քաղաքական գործիչները պետք է կատարեն իրենց խոստումները

00:34 • 21.05.12

ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դաշինքի Չիկագոյում կայանալիք գագաթաժողովի բացումից առաջ հայտարարել է, որ դաշինքը Աֆղանստանից իր զարամիավորման դուրսբերումը չի արագացնի: Այսպես նա մեկնաբանել է Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի մտադրությունները և նախընտրական խոստումները, որոնց համաձայն ֆրանսիական զորքը պետք է դուրս բերվեր Աֆղանստանից մինչև այս տարվա ավարտը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Քաղաքական գործիչները պետք է իրականացնեն իրենց խոստումները: Այդ գործընթացը (ֆրանսիական զորքերի դուրսբերումը) կհամակարգվի ՆԱՏՕ - ի հետ և կիրականացվի դաշինքի ներսում կայացած խորհրդակցություններից հետո», - նշել է ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղարը:


Դաշինքի անունից նա Աֆղանստանի իշխանություններին աջակցություն է խոստացել` նշելով, որ ՆԱՏՕ - ն չի պատրաստվում հապճեպ լքել Աֆղանստանը և այնքան ժամանակ կշարունակի իր գործառույթներն այդ երկրում, քանի դեռ առաքելությունն հաջողությամբ ավարտված չի լինի:


Հիշեցնենք, որ Աֆղանստանից ֆրանսիական զորամիավորման` մինչև ընթացիկ տարվա վերջը դուրսբերումը Ֆրանսիայի նոր նախագահի ծրագրի արտաքին քաղաքականության մասի հիմնական կետերից է:

 

Ֆրանսիայի նախորդ ղեկավարությունը պնդում էր, որ նման բարդ գործողության իրականացումը սեղմ ժամկետում տեխնիկապես անհնար է:
Ռազմական փորձագետների պնդմամբ` 3.600 ֆրանսիացի զինվորականի և 1.200 միավոր տեխնիկայի դուրսբերման համար 12-ից 18 ամիս ժամանակ է պահանջվում: