ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ հետաքրքիր աշխատանքներ է տանում. Նիկոլայ Բորդյուժա

18:15 • 21.05.12

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ ռազմատեխնիկական համագործակցության առումով, ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ հետաքրքիր աշխատանքներ է կատարում:

 

«Բավական հետաքրքիր աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետության հետ: Մենք պայմանավորվել ենք Հայաստանի տարածքում 5-6 համատեղ ձեռնարկություններ ստեղծել»,- այսօր Երևանի, Աստանայի, Կիևի և Քիշնևի հետ տեսակամուրջի ժամանակ նշեց գլխավոր քարտուղարը:

 

Վերջինս անդրադարձավ նաև 2012թ. սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում ՀԱՊԿ–ի շրջանակներում համատեղ զորավարժությունների կազմակերպմանը:

 

Նիկոլայ Բորդյուժան նկատեց, որ թեև դեռ կան որոշակի խնդիրներ զորավարժությունների կազմակերպման առումով, սակայն դրանք ՀԱՊԿ-ի կողմից կլուծվեն: Նա միևնույն ժամանակ նշեց, որ հայկական կողմը շատ ակտիվ նախապատրաստվում է զորավարժություններին. թե քանի՞ մասնակից կլինի զորավարժություններին, ասաց՝ դեռ վաղ է ասելը:

 

Խոսելով ՀԱՊԿ-ի ձեռքբերումների մասին, Նիկոլայ Բորդյուժան նկատեց, որ կազմակերպությունն այսօր ունի ուժային բավական մեծ հնարավորություններ:

 

«Այսօր կազմակերպությունը ստեղծել է բազա, որը թույլ է տալիս գործել օրենքի շրջանակներում և ուժային հնարավորությունները բավականին են՝ հնարավոր պրոբլեմները լուծելու համար»,- ասաց Բորդյուժան:

 

Վերջինս կարևորեց մեկ միասնական տեղեկատվական տարածքի ստեղծումը, որը, ըստ նրա, պետք է ավելի զարգացած լինի, քան ռազմական համագործակցությունը:

 

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ստեղծմանը, ապա Բորդյուժայի կարծիքով, այն բացասական միտում ունի: