ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունն այցելեց Ազգային ժողով

20:34 • 21.05.12

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 21-ին հանդիպել են ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
 

Պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ֆեդորյակի տեղեկացմամբ` այցի նպատակը ՌԴ սահմաններից դուրս գտնվող ռուսական ռազմաբազաների գործունեության ու պայմանների դիտարկումն է, ֆինանսավորման հարցերի քննարկումը` պաշտպանությանն առնչվող օրենսդրական դաշտը բարելավելու համար: Դաշնային խորհրդի պատվիրակությունը հետաքրքրված է նաև միջխորհդարանական կապերի ամրապնդմամբ, մասնավորապես, պաշտպանության և անվտանգության բնագավառներում շփումներն ակտիվացնելու հեռանկարով:


Արտակ Դավթյանը և Հրայր Կարապետյանը, ընդգծելով հայ ժողովրդի ջերմ ու բարեկամական վերաբերմունքը ռուս ժողովրդի հանդեպ, փաստեցին, որ մեծամասնությունն է պաշտպանել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական պայմանագրի` որպես փոխշահավետ համաձայնության, վավերացումը: Թեեւ միջխորհրդարանական հարաբերությունները, զրուցակիցների բնորոշմամբ, բարձր մակարդակի վրա են, կա համագործակցությունը զարգացնելու ավելի մեծ ներուժ:


Պատգամավորների համոզմամբ` փոխադարձ այցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցությունը նոր լիցք կհաղորդեն այդ հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: