Սերժ Սարգսյանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթաժողովին

13:15 • 21.05.12

Նախագահ Սերժ Սարգսյան հրաժարվել է մասնակցել է Չիկագոյում ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպմանը, քանի որ հռչակագրի նախագծում ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ընդհանրական ձևակերպում, այս մասին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է Չիկագոյում հայ համայնքի հետ հանդիպմանը։


Ըստ նրա՝ նման ընդհանրական ձևակերպումը հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։


«Այդ ձևակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա»,– ըստ ԱԳՆ մամուլի հաղորդագրության, ասել է արտգործնախարարը:


«Հաշվի առնելով այս մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը»,– ավելացրել է Էդվարդ Նալբանդյանը։