Անակնկալ արդյունք Սերբիայի նախագահական ընտրություններում. հակառակ սպասումներին՝ հաղթում է ընդդիմադիր թեկնածուն

03:19 • 21.05.12

Սերբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում անակնկալ է գրանցվել. հաղթանակ է տարել 60–ամյա ընդդիմադիր թեկնածու՝ Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջնորդ Թոմիսլավ Նիկոլիչը։ Այս մասին են հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Թեև նախնական տվյալներով հաղթած թեկնածուի առավելությունը մյուս թեկնածուի՝ նախկին նախագահ Բորիս Տադիչի հանդեպ ընդամենը 1.5-2 % է (նախնական հաշվարկներով Թոմիսլավ Նիկոլիչը հավաքել է ձայների 49.3%–ը), այնուամենայնիվ, Տադիչն արդեն ընդունել է իր պարտությունը և անգամ հանդես եկել շնորհավորական ուղերձով։


«Ես շնորհավորում եմ Թոմիսլավ Նիկոլիչին հաղթանակի կապակցությամբ։ Դա ազնիվ և վաստակած հաղթանակ էր։ Մաղթում եմ նրան մեծ հաջողություններ այս՝ բավական ծանր պաշտոնում»,– ասել է Տադիչը իր շտաբում արված ուղերձում։


Իսկ Տադիչի պարտությունն անակնկալ էր այն պատճառով, որ բոլոր նախընտրական կանխատեսումները վկայում էին այն մասին, որ նա կհաղթի միջինում 16% առավելությամբ:


Հատկանշական է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում շատ չնչին՝ 10 հազ. ձայնի կամ 0.25% առավելությամբ առաջատար է եղել հենց Տադիչը։


Վերլուծաբաններն արդեն իսկ որակել են ընտրության արդյունքները որպես «քաղաքական երկրաշարժ»՝ հատկապես նոր կառավարություն ձևավորելու հնարավոր խնդիրներով պայմանավորված։


Բորիս Տադիչն ասել է, որ դեռ չի որոշել իր հետագա գործունեությունը։


Տադիչը իր պաշտոնից հրաժարական էր տվել ապրիլի սկզբին՝ հնարավորություն ստեղծելու վաղաժամկետ նախագահական ընտրությունների համար։ Ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ նա ասել է, որ չի զղջում իր այդ քայլի համար, քանի որ այն առաջին հերթին տնտեսապես նպատակադրված էր։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու նա չընտրվեց, Տադիչն ասել է, որ ընտրության արդյունքները դեռ չի վերլուծել, և որ դա վերլուծաբանների գործն է։
«Ես որպես նախկին նախագահ, եթե իմ խոսքը դեռևս նշանակություն ունի, ապա կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին պահպանել ռազմավարական կողմնորոշումը դեպի Եվրամիություն»,– ասել է նա։

Նիկոլիչն իր հերթին նախընտրական շրջանում հայտարարել է, որ զարգացնելու է հարաբերություններն ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ։

Սերբիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։