ՅՈւՆԵՍԿO–ն Շիրակացու 1400–ամյակն ընդգրկել է իր նշանավոր անձանց տարեդարձների ցանկում

10:50 • 21.05.12

Այս տարի ՅՈւՆԵՍԿO–ն նշանավոր անձանց տարեդարձների թվում իր 2012թ. ցանկում ընդգրկել է նաև Անանիա Շիրակացու 1400-ամյակը (այդ ցանկում են նաև Մեսրոպ Մաշտոցի 1650 և Սայաթ-Նովայի 300 ամյակները), այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը:


Փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, Հայաստանում ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիր Անանիա Շիրակացին ծնվել է 612թ.: Նա հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է, ում գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման վրա: Գիտնականը մահացել է 685թ-ին:


Տեղեկացնենք, որ ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանի տոնակատարությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են ՀՀ Մշակույթի, ՀՀ Կրթության և գիտության, ՀՀ Արտաքին գործերի և այլ նախարարություններ և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան:


Հոբելյանական միջոցառումների ցանկում կարևորագույնը կլինի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 24-28-ին նախատեսվող «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:
Նույնպես Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 15-23-ին կկազմակերպվի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, տարվա ընթացքում կիրականացվի Հայաստանի պատմա-աստղագիտական ժառանգության ուսումնասիրություն և համակարգում, կհրատարակվեն մի շարք գրքեր:


ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսի մի համարն ամբողջովին նվիրվելու է Անանիա Շիրակացուն, իրականացվելու են նաև Շիրակացու թվային շտեմարանի և կայքի ստեղծում, հասարակությանը Շիրակացու աշխատանքներին ծանոթացնելու նպատակով մի շարք հանդիպումներ դպրոցներում ու բուհերում, ինչպես նաև այլ միջոցառումներ:


Միջոցառումների մեջ ակտիվորեն ներգրավված են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը, Շիրակացու անվան ճեմարանը և այլ կազմակերպություններ:

ՅՈւՆԵՍԿO–ն Շիրակացու 1400–ամյակն ընդգրկել է իր նշանավոր անձանց տարեդարձների ցանկում