Կրթական համակարգում բովանդակային մեծ փոփոխություններ չեմ տեսնում. «Եվրասիա» համալսարանի ռեկտոր
«Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ներկայումս, բովանդակային բարեփոխումների առումով, ՀՀ կրթական համակարգում բովանդակային մեծ փոփոխություններ չի տեսնում:
«Կան գործընթացներ, որոնք այսօր ընթանում են, բայց լսարան դժվար են մտնում»,-ասաց նա:
Ըստ Սուրեն Օհանյանի՝ այսօր հայ հասարակության մեծ մասը լրջորեն չի վերաբերվում կրթությանը և հենց այստեղից էլ սկսվում է այն, ինչն այսօր ունենք՝ ոչ այնքան բարձր մակարդակ ունեցող բուհական հաստատություններ, դասախոսներ, ուսանողներ:
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու և նույն համալսարանի ռազմավարական գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը նշեց, որ իրենց բուհում իրականացրել են մի շարք բարեփոխումներ, դրանցից առաջինը համալսարանում օմբուդսմենի ընտրությունն է: Այդ ընտրությունը համալսարանում կանցկացվի սեպտեմբերին:
Պրոռեկտոր Հարությունյանը նկատեց. «Մենք փորձում ենք ստեղծել կառավարման մի համակարգ, որը կկարգավորի ուսանողի իրավունքները, ընդհուպ մինչև նրա վարքը: Ներդրված կառավարման համակարգի միջոցով հնարավոր է հետևել յուրաքանչյուր ուսանողի անհատական հետագծին՝ ժամանակին արձագանքելով նրա խնդիրներին և լուծում առաջարկել»:
Վերջինս նաև հավելեց, որ այս համակարգի ներդրմամբ, որը լինելու է միայն էլեկտրոնային տարբերակով, ոչ ոք չի կարող բարեխոսել մեկ ուրիշի համար, այն նաև ապահովում է օբյեկտիվություն և արագություն:
Հովհաննես Հարությունյանը նաև նշեց, որ էլեկտրոնային տարբերակում ուսանողը կունենա իր էջը, ուր ներկայացված կլինի նրա ինքնակենսագրական և այլ տվյալներ: Համակարգում լինելու է նաև ֆորում բաժինը, որտեղ ուսանողը հնարավորություն կունենա լսարանից դուրս շփվել դասախոսների հետ:
«Սա առաջադեմ փորձ է, որին անցնում են գրեթե բոլոր համալսարանները: Մենք ցանկանում ենք նաև ներդնել օնլայն կրթական համակարգ: Այսինքն, հեռավոր մարզում ապրող ուսանողը հնարավորություն կունենա «սկայպով» հետևել դասախոսությանը և հարցեր ուղղել»,-տեղեկացրեց Հովհաննես Հարությունյանը:









