Տավուշում «ԲՄՎ»–ն հարվածել է հաստաբուն ծառերին և շրջվել. վարորդը ծանր վիրավոր, ուղևորուհին մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)

15:52 • 21.05.12

Այսօր՝ մայիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.30-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի բնակիչ 29-ամյա Դավիթ Գաբրիելյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՍ 444 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Տավուշ ավտոճանապարհի 147–րդ կմ–ի հատվածում՝ Ազատամուտ գյուղի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի հաստաբուն ծառերին, որից հետո շրջվել։


Վթարի հետևանքով Դ. Գաբրելյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ 29-ամյա Նինել Սարգսյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։


Այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Իջևանի ոստիկանապետի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Արտուշ Գասպարյանի գլխավորությամբ։


Արդեն դեպքի վայրում քննչական աշխատանքները կատարելու համար ժամանել է Ոստիկանության Քրեական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչը։

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ, հավանաբար, փաստի առթիվ քննիչի կողմից կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի