Ահարոն Ադիբեկյանը խորհրդարանական բոլոր ուժերին հորդորում է կոալիցիա կազմել

14:52 • 22.05.12

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խորհրդարանական ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին հորդորում է մտնել կոալիցիա և միասին աշխատել՝ ի շահ Հայաստանի:


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց՝ լավ կլիներ, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը մոռանար կոալիցիայի հասցեին հնչեցրած իր վիրավորական արտահայտությունների մասին ու նույնպես մտներ կոալիցիա:


«Լավ կլիներ, որ «Ժառանգությունն» էլ մտներ։ Բայց «Հայ ազգային կոնգրես»-ը ինքնամեկուսացված է և, դժվար թե, «ավազակապետության» հետ կիսի իշխանությունը: Նրանք ծայրահեղ ընդդիմադիր կուսակցություն են»,- նկատեց սոցիոլոգը:


Ահարոն Ադիբեկյանը վստահությունն հայտնեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայի մաս կկազմի, քանի որ նախընտրական շրջանում կարողացավ ձայներ հավաքել այն պատճառով, որ ընդդիմադիր դիրք ընդունեց և, միաժամանակ, շարունակեց մնալ կոալիցիայում:


«Հիմա եթե դուրս գա կոալիցիայից (ԲՀԿ-ն-Tert.am), ապա կկորցնի իր ձայները: Եթե մնա՝ ձայները կպահպանվեն: Եթե բոլոր ուժերը մտնեն կոալիցիայի մեջ, այդ պարագայում քաղաքական էլեկտորատը կլինի կայուն ընդգծված, խառնաշփոթ չի լինի, ամեն մարդ կիմանա իր գործը»,- իր դիտարկումը ներկայացրեց Ադիբեկյանը:


Սոցիոլոգը նշեց, որ այսօր ընդդիմությունը երազում է, որ երկրում լինի ծայրահեղ վատ իրավիճակ, բարձրանա բողոքի ալիք և իրենք էլ գան իշխանության: «Դա մարդատյացության ամենավատ դրսևորումներից մեկն է՝ ուղղված սեփական ժողովրդին»,- ասաց Ադիբեկյանը: