Ռուսաստանցի հաքերը Երևանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

13:38 • 22.05.12

Երևանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ռուսաստանի Դաշնության 27-ամյա քաղաքացի Գեորգի Ավանեսովին երեկ դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:


« Դատարանում հետազոտված և հիմնավորված ապացույցների համաձայն, Ավանեսովը, օգտագործելով իր կողմից ստեղծված Բոտնետի առցանց համակարգիչների հնարավորությունները, DDOS տեսակի հարձակումներ է իրականացրել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող կայքերի և IP հասցեների վրա, խափանելով այդ կայքերի բնականոն աշխատանքը, ուղեփակելով այնտեղ պահվող համակարգչային տեղեկությունները և ոչ պիտանի վիճակի բերելով այդ համակարգչային համակարգերը»:


Ավանեսովը ձերբակալվել էր 2007թ.-ի հոկտեմբերին, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից: Նա մեղադրվում էր Նիդերլանդների Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, մասնավորապես` կազմակերպված հանցավոր խմբավորման ու կիբերհանցագործության մասնակցության` Bredolab հաքերային վիրտուալ ցանցի կազմակերպման մեջ (բոտնետ), որը վարակել է ավելի քան 30 մլն համակարգիչ աշխարհով մեկ ու հասանելիություն ստացել օգտատերերի տվյալներին, ներառյալ` ֆինանսական:

 

Բոտնետը համակարգչային ցանց է, որում «զոհերի» համակարգիչները վարակվում են բոտերով` գաղտնի ծրագրերով, որոնք թույլ են տալիս չարագործներին իրականացնել որոշ գործողություններ` օգտագործելով վարակված համակարգիչների ռեսուրսները:


Մասնավորապես, Հայաստանի դատարանն ապացուցված է համարել, որ 2011թ. հոկտեմբերի մեկին Գեորգի Ավանեսովը, օգտագործելով իր ստեղծած բոտնետի առցանց համակարգիչների 25 տոկոսը, DDOS տեսակի հարձակում է իրականացրել ռուսաստանյան Macconent բաժնետիրական ընկերությանը պատկանող IP հասցեի վրա, ինչի արդյունքում ընկերության սարքավորումը շարքից դուրս է եկել՝ շուրջ 192 հաճախորդի զրկելով Macconent-ի մատուցած համացանցային ծառայություններից օգտվելու հնարավորությունից՝ «առաջացնելով ծանր հետևանքներ»:

 

 

Բոտնետը կառավարելու համար օգտագործվել է նիդերլանդական LeaseWeb հոսթինգ-մատակարարին պատկանող 143 սերվեր: Հոլանդական ընկերությունն իր սերվերներում վնասակար ակտիվությունը հայտնաբերել է դեռ 2010-ի ամռանը:



Bredolab-ը միլիոնավոր էլեկտրոնային նամակներ է ուղարկել, որոնցում, օրինակ, պատմվել է որևէ հանրահայտ մարդու մահվան մասին, և հրավեր` բացել նիշքը (ֆայլը), ինչից հետո էլ համակարգիչը վարակվում էր:

 

Ավանեսովը կալանքի տակ է եղել 2010.-ի նոյեմբերի 26-ից:

 

Նա ազատազրկման է դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 253 –րդ հոդվածով. համակարգչային սաբոտաժ՝ զուգորդված համակարգչային համակարգին չթույլատրված հասանելիությամբ, որը հանգեցրել է ծանր հետևանքների:

 

Բացի այդ, Ավանեսովին նախաքննական մարմնից առաջադրված են եղել այլ մեղադրանքներ ևս՝ նախատեսված Քրեական օրենսգրքի ևս չորս հոդվածներով (252-րդ, 254-րդ, 255-րդ, 256-րդ հոդվածների տարբեր մասերով, Tert.am ), սակայն Անկախության 20 –ամյակի առթիվ հայտարարված համաներման շնորհիվ , այդ հոդվածներով, հաքերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:


Նշենք, որ այդ հոդվածներն են՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը և վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը: