Ոտքը կոտրելուց հետո սխալ բուժսպասարկման արդյունքում մահացած 17-ամյա աղջկա գործով հարուցվել է քրեական գործ. Ոստիկանություն

17:39 • 22.05.12

Կոտայքի մարզի ոստիկանության քննչական բաժնում Կոտայքի մարզի Արամուս գյուղում օրերս ֆիզկուլտուրայի պարապմունքից հետո 17-ամյա աշակերտուհու մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am –ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, այն ՝ է «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով»:

 

Նշենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աշակերտուհին ֆիզկուլտուրայի քննության ժամանակ 30 մետր վազել էր, ընկել, ոտքը կոտրել, ստացել է ոսկրածուծի կոտրվածք, ինչի հետևանքով էլ մահացել էր արյան վարակումից: Ինչպես փոխանցել էր Արամուսի գյուղապետը, Աբովյանի հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր երեխան, հայտնել էին, թե կոտրվածքի հետևանքով աղջկա ոսկրածուծը խառնվել էր արյան հետ:

 

Հաղորդվում էր, որ մահացած երեխան Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի եղբոր թոռն է: