Հայաստանում արդեն գիտակցում են կովկասագիտության դերը, փորձում լրացնել այդ բացը. պատմաբան
Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայեր իրենց հարևանների, մասնավորապես, Վրաստանի և Ադրբեջանի մասին ունեն շատ ավելի վատ պատկերացում, քան Եվրոպական որևէ այլ երկրի։
Ասուլիսին մասնակից հյուրերից՝ Երևանի պետական համալսարանի պատմագիտության դեկան Էդիկ Մինասյանն էլ նշեց, որ «վրացական և ադրբեջանական կեղծարարության դեմ պայքարելու առումով», կովկասագիտությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար ինչն, ըստ նրա, Հայաստանում արդեն գիտակցում են և փորձում լրացնել այդ բացը:
Դեկանը նկատեց, որ այս բացը լրացնելու համար, համալսարանում արդեն մեկ տարի է, ինչ գործում է կովկասագիտություն բաժինը, որի մագիստրատուրայում սովորում է 8 ուսանող:
Էդիկ Մինասյանն այս տարվա դիմորդների ուշադրությունը հրավիրեց հիշյալ մասնագիտության վրա, նկատելով՝ սա հեռանկարային մասնագիտություն է:
Պատմագիտության ֆակուլտետի դեկանը տեղեկացրեց, որ դիմորդներից պահանջվում է քննություններ հանձնել հայոց պատմություն, օտար լեզու և հայոց լեզու առարկաներից: Նման հեռանկարային մասնագիտության համար, ըստ նրա, վարձն էլ մատչելի է՝ 300.000 դրամ. սահմանված են 5 անվճար տեղեր և մեկն էլ զորացրված զինվորի համար:
Էդիկ Մինասյանը նշեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ հարևան երկրներում շատ ավելի լավ հիմքերի վրա է դրված կովկասագիտությունը, մասնավորապես, հայագիտությունը։
«Ադրբեջանում, դեռևս խորհրդային տարիներից, կար հսկայական բանակ, որ լավագույնս տիրապետում էր հայոց լեզվին և նրանց համար հեշտ եղավ անցնել հայերենի ուսումնասիրությանը: Թբիլիսում, ընդհանրապես, հայագիտությունը բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչը թույլ է տալիս, որ այսօր, առանց դժվարության, այդ ավանդույթները շարունակվեն»:
Իսկ Հայաստանում, ըստ բանախոսների, դժվար է, ընդհանրապես, մասնագետներ գտնելը, քանի որ այստեղ կրթությունը հիմնված էր զուտ ռուսերեն լեզվի վրա:
«Մենք բախվում ենք դժվարությունների, մեծ դժվարությամբ ենք վրացերենի կամ ադրբեջաներենի լեզվաբաններ գտնում՝ դասավանդելու համար: Վրացերենի հարցն ավելի հեշտ է, քան ադրբեջաներենինը»,- ասաց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը:









