«Բազմազանության երթի» դեմ ակցիան ինքնաբուխ էր, ասում են հակաակցիայի մասնակիցները

17:16 • 22.05.12

Երեկ «Բազմազանության երթ»-ի դեմ կազմակերպված հակաակցիան ինքնաբուխ էր, մարդիկ, իմանալով երթի մասին, եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու միասեռականների դեմ, ովքեր «Բազմազանության երթ»-ի անվան տակ «գեյ-շքերթ» էին փորձել անցկացնել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին իրենց կարծիքը փոխանցեցին հակաակցիայի մասնակիցները:


«Համասեռամոլներն իրենց քոմենթներում չեն թաքցնում իրենց քարոզները, նույնիսկ երթի ժամանակ, և դա ֆիքսված է, որ այդ մասնակիցներից մեկը կողքինին քարոզում է համասեռամոլություն: Ես անձամբ դեմ եմ քարոզին, ինչ ուզում են, թող անեն, բայց չքարոզեն»,-ասաց գրող հրապարակախոս Վահե Աթանեսյանը, ով նույնպես մասնակցել էր հակաերթին:
Նա նշեց, որ համասեռամոլների քարոզն արդեն տալիս է իր պտուղները և հասարակության մի ստվար զանգված, որն իրեն մտավորական է համարում, այս երևույթը դատապարտողներին ֆաշիստ է անվանում:


«Մենք ազգասեր ենք, հայրենասեր, բայց ֆաշիստ չենք»,- ասաց Վահե Աթանեսյանը:
«Նախնյաց հետքերով» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մխիթարյանն ավելացրեց, որ իրենք դեմ չեն մշակութային բազմազանությանը, ընդհակառակը, ըստ նրա, հենց նույն միասեռականներն են դեմ այդ բազմազանությանը և դրսից ղեկավարվելով, փորձում են բոլոր ազգերին դարձնել միանման: Ըստ նրա, երթն արդեն իսկ քարոզ էր:


«Սերունդ հայապահպան միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Սարիբեկյանը չի կարծում, որ այդ քայլն, ընդամենը, հանդուրժողականության կոչ էր: «Կա երևույթ, որն ինքնին կարող է օբյեկտիվորեն գոյություն ունենալ ինչ-որ մի տեղ», բայց եթե այն քարոզի է վերածվում, ապա, ըստ նրա, պետք չէ հանդուրժել:


«Ո՞վ է նրանց արգելել, որ ապրեն այնպես ինչպես ուզում են, երկու հոգի այրել են նրանց հավաքվելու տեղը, ես, իրոք, դա դատապարտում եմ, բայց, եթե այդ ամենը դուրս է գալիս այն կաղապարներից, որ հանդուրժողականության շրջանակում արդեն ընդունված է, այսինքն` նրանց չեն ծեծում, հետևից չեն գոռում ու մատնացույց անում, այդ դեպքում հանդուրժողականություն եզրույթն ընդարձակվում է»,– ասաց նա:


«Ես հայ քրիստոնյա եմ, ինչո՞ւ պետք է հանդուրժեմ աղանդավորությունը, ինչպե՞ս կարող եմ ընդունել այս կամ այն բացասական երևույթները, արատավոր միջավայրը, որ ամեն րոպե հետապնդում է իմ 3 անչափահաս երեխաներին»,- նշեց Էդուարդ Սարիբեկյանը և ավելացրեց, որ նույն կերպ հանդուրժող եղանք աղանդների հարցում և տեսանք արդյունքները:
«Նույնը կատարվում է նաև պետության սոցիալ-քաղաքականության հետ. Վրաստանում՝ հայկական մշակույթի ոչնչացման դեպքում հանդուրժող եղանք, արդեն նաև համասեռամոլների ու հազար ու մի գրանտակերների դեպքում ինչքա՞ն պետք է հանդուրժող լինենք, այնքա՞ն, որ մենք դառնանք սեռական փոքրամասնությո՞ւն, նրանք՝ մեծամասնությո՞ւն»,-հարցրեց Սարիբեկյանը:


Ըստ նրա, հենց նույն համասեռականներն են հայ կնոջը ծաղրում.«Ցուցադրվում է, թե ինչպես են կարմիր խնձոր թաղում, իսկ դա ծաղրանք չէ՞»:


Բանախոսները նշեցին, որ չեն կարող ասել, թե ինչ կապ կա վերջին շրջանում՝ տարածաշրջանում միասեռականության թեմայի ակտիվացման, Բաքվում՝ «Եվրատեսիլի» անցկացման հետ կապված քննարկումների, Թբիլիսում կազմակերպված «գեյ-շքերթի» և Երևանում DIY ակումբի պայթեցման հետ, ինչպես նաև այն, թե արդյո՞ք դրանք ղեկավարվո՞ւմ են ինչ-որ տեղից, թե՝ ոչ: Սակայն, ըստ բանախոսների՝ հասկանալի է, որ տարածաշրջանը հետաքրքրում է շատերին և որ պղտոր ջրում ձուկ որսալն ավելի հեշտ է, ուստի նշեցին, որ, մի կողմ թողնելով օտար պետությունների նպատակները, կաշխատեն ներսի հակազդեցության վրա:


Բանախոսները չմոռացան նշել, որ միասեռականությունը հիվանդություն չէ, այլ կողմնորոշման խնդիր է, և ՄԱԿ-ը հանել է այն հիվանդությունների շարքից. «Դա ոչ թե հիվանդություն է, այլ կողմնորոշման խնդիր, իսկ եթե հիվանդություն է, ապա հիվանդներին բուժում են և ոչ թե դրոշ սարքած ծածանում»,- ասաց Էդուարդ Սարիբեկյանը:


Իբրև երևույթի դեմ պայքարի ձև, բանախոսները մատնանշեցին, որ ոչ թե պետք է անտարբերություն ցուցաբերել, այլ «նախ ճիշտ դաստիարակել, նաև մատնացույց անել, որ նա լեսբուհի է կամ գոմիկ է ու երբեք լսարան չտրամադրել նման թափթփուկներին»: