Զորակոչը երկարացվել է, որպեսզի դիմորդները մասնակցեն ընդունելության քննություններին. ՊՆ
Լուսանկարը՝ Photolur–ի
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, այսօր մեկնարկում է գարնանային զորակոչը, սակայն այս տարի այն կշարունակվի մինչև հուլիսի 30, որպեսզի բուհ դիմել պատրաստվող 18 տարին լրացած արական սեռի շրջանավարտները կարողանան մասնակցել ընդունելության քննություններին, այս մասին Tert.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` 2012թ. գարնանային զորակոչի առաջին օրը ս.թ. մայիսի 22-ն է: Նախքան զորակոչը, ՀՀ տարածքային զինվորական կոմիսարիատներում իրականացվել է զորակոչիկների բուժհետազոտում, հաշվառում, բաշխվել են ծանուցագրերը: ՀՀ ՊՆ-ում նախապես կազմվել է զորամասերը նորակոչիկներով համալրելու քանակական պլան»,- ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է այս տարի ավելի ուշ անցկացվում զորակոչը, քան նախկինում էր (մայիս–հունիս), Մուշեղ Աղեկյանն ասաց, որ խնդիրը հիմնականում կապված է հանրակրթական դպրոցներում ներդրված ուսուցման նոր համակարգի 12-ամյա ժամանակահատվածի հետ:
«2012թ. գարնանային զորակոչը, ի տարբերություն նախորդների, շարունակվելու է մինչև ս.թ. հուլիսի 30-ը` կապված հանրակրթական դպրոցներում ուսուցման նոր`12-ամյա ժամանակահատվածի հետ: Հանրակրթական դպրոցների 18 տարին լրացած շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվելու մասնակցել ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին, որից հետո միայն, ուսման պատճառով տարկետման իրավունքից չօգտվող պատանիները զորակոչվելու են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության»,-ասաց Մուշեղ Աղեկյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ արդեն զորացրվող զինծառայողները ստիպված լինեն մեկ ամիս ավել ծառայելու, քանի որ նրանց փոխարինողներն այս տարի զորակոչվելու են մեկ ամիս ուշացումով, Մուշեղ Աղեկյանը բացառեց այս հանգամանքը։
«Ո՛չ, նման բան չկա: Յուրաքանչյուր զինծառայող զորացրվելու է իր ժամկետը լրանալուն պես և սահմանված կարգով»,- եզրափակեց Մ. Աղեկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Զինապարտության մասին օրենքի 11-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները և առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով, ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ խաղաղ պայմաններում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ սույն թվականի ապրիլի 25-ին հրամանագիր է ստորագրել 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորակոչ անցկացնելու մասին: Նախագահի հիշյալ հրամանագրում նշվում է՝ 2012թ. մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:









