ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելով Սերժ Սարգսյանը մեսիջ է ուղարկում Պուտինին. Քաղաքագետ

18:31 • 22.05.12

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելով, մեսիջ է ուղարկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:


Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Սերժ Սարգսյանը դրանով ուզում է հասկացնել պաշտոնական Մոսկվային, որ ինքը համակարծիք է ՌԴ նախագահի հետ՝ արտաքին քաղաքական հարցերում:


«Ես կարծում եմ, որ Չիկագո չգնալու Սերժ Սարգսյանի մոտիվացիան պայմանավորված էր նրանով, որ Պուտինը բոյկոտել է այդ միջոցառումը և դրանով Սերժ Սարգսյանը մեսիջ է հղել Վլադիմիր Պուտինին՝ առ այն, որ Սարգսյանը կիսում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը արտաքին հիմնարար հարցերի վերաբերյալ: Այսինքն, եթե Պուտինը չբոյկոտեր, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը չէր գնա այդ գագաթաժողովին»,- նշեց քաղաքագետը:


Անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բերած պատճառաբանություններին, թե գագաթաժողովին նախագահը չի մասնակցել, քանի որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ընդհանրական ձևակերպում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին, Վարդանյանն ասաց, որ համաձայն չէ դրա հետ, քանի որ հակահայկական ձևակերպումներ չկան հռչակագրում:


«Ճիշտն ասած ես այնտեղ չգտա ոչ հայանպաստ ձևակերպումներ: Այնտեղ հստակ հղում էր կատարվել այն իրավական բազային, որին միշտ էլ հղում է կատարել Արևմուտքը, միջազգային հանրությունը և Հայաստանը չի առարկել դրան»,- նկատեց Վարդանյանը` պարզաբանելով որ հռչակագրում հղում է կատարվել ՄԱԿ-ի կանոնադրությանը, հելսինկյան եզրափակիչ ակտին: Բացի այդ, նշվում է նաև, որ կողմերը պետք է հարգեն բանակցային ձևաչափերը, իսկ ղարաբաղյան խնդրում բանակցային ձևաչափը Մինսկի խումբն է և Հայաստանը, նրա խոսքով, բազմիցս է նշել, որ այն մեզ համար ընդունելի ձևաչափ է:


«Իսկ այն որ այնտեղ նշվել է, թե ՆԱՏՕ-ն ընդունում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն ուղղակի հայտարարել է, թե իբր կոնֆլիկտը պետք է հիմնապես լուծվի տարածքային ամբողջականության համաձայն: Այս նշումը դրա հետ կապ չունի, որովհետև եթե կապ ունենար, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ նշել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշեց քաղաքագետը հավելելով։


«Ղարաբաղյան խնդրում Հայաստանի տարածքային ամբողջականությունը որպես սկզբունք նշելը՝ աբսուրդ է և երբևէ նման բան չի նշվել»,– ավելացրեց նա:


Էդգար Վարդանյանը նաև հավելեց.«ՆԱՏՕ-ն և միջազգային հանրությունը միշտ էլ ասում են, որ իրենք տարածքային ամբողջականությունը որպես հիմնավոր սկզբունք ենք դիտարկում և այն չենք հակադրում ինքնորոշման իրավունքի սկզբունքին, այսինքն, հակամարտության լուծումը չի հակադրվում տարածքային ամբողջականության սկզբունքին»:
Ըստ քաղաքագետի, ՆԱՏՕ-ն հռչակագրում հենց սա է ցույց տվել, հետևապես, ասել, որ հռչակագիրն ունի ոչ հայանպաստ դիրքորոշում՝ ճիշտ չէ: