Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են հյուրընկալել ֆուտբոլի 2026թ.-ի աշխարհի առաջնությունը

13:18 • 22.05.12

Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ֆուտբոլի 2026թ.-ի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտ ներկայացնել FIFA: Այս մասին, 1news.az-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը:


«Մեր երկիրը ձգտում է հյուրընկալել 2026թ.-ին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մենք դա կարող ենք անել Թուրքիայի հետ համատեղ, ինչո՞ւ ոչ»,- ասել է նախարարը:

 

Ռահիմովը հայտնել է, որ 2022թ.-ին աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը տրվել է Կատարին, սակայն 2026-ի առաջնության ճակատագիրը դեռ անհայտ է: «Լավ կլիներ, եթե այդ հնարավորությունը մեզ տրվեր»,- ասել է նա:


Նա հիշեցրել է, որ Բաքուն 2020թ.-ի Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ է ներկայացրել:

 

«Առջևում 8 տարի կա, և մենք հուսով ենք 6-7 տարում պատրաստվել Օլիմպիական խաղերին: Այժմ մեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է դրա վրա»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան: